Կանայք մեծ գումարներ են ծախսում կնճիռներից ազատվելու եւ երբեմնի գրավչությունը ետ բերելու համար: Իսկ ահա բրիտանուհի Էնը համաձայն է ամեն ինչի, միայն թե հարթ դեմքին ծերության նշույլ հայտնվի:
Էնը 24 տարեկանում ամուսնացել է իր հասակակից Քրիստոֆերի հետ եւ նրանք երջանիկ ամուսիններ են եղել: Բայց հինգ տարի անց նրանց մեջ վիճաբանություններ են սկսվել կնոջ արտաքին տեսքի պատճառով: 30 տարեկանից սկսած ամուսինն սկսել է խանդել կնոջը, քանի որ տղամարդիկ չափից ավելի ուշադրություն էին դարձնում Էնի վրա, իսկ իրեն մեղադրում երիտասարդ աղջկա հետ ամուսնացած լինելու մեջ: Արդյունքը եղել է բաժանությունը:
Արդեն երկու երեխաների մայրը չորս տարի միայնակ ապրելուց հետո ամուսնացել է Բրաուն անունով մի տղամարդու հետ, որը սկզբում հիանում էր սիրելի կնոջ հմայիչ արտաքինով: Բայց այդ ամուսնությունն էլ տարիներ անց նույն ավարտն է ունեցել. հասակակիցները, կարծելով, թե Էնը նրա դուստրն է, կամ աղջիկը, սիրահետելու փորձեր են արել:
Խեղճ կինը «The Sun»-ին պատմել է, թե ճարահատյալ մի որոշ ժամանակ հանդիպել է երիտասարդ տղաների հետ. «Սակայն նրանք էլ ձանձրալի են, որովհետեւ խոսում էին միայն ավտոմեքենաներից եւ գիշերային ակումբներից»:
Դժբախտ կինը, ի վերջո, որոշել է կյանքը նվիրել երեխաներին: Սակայն որդիներն էլ սկսել են մորից իրենց հեռու պահել: «Տղաներիս հասակակից աղջիկներն ինձ եւ իմ հոգատարությունը տեսնելով, կարծում էին, թե նրանց սիրտն արդեն զբաղված է: Այդպես ես անցանկալի անձ դարձա բոլորի, նույնիսկ ընտանիք ունեցող ընկերուհիներիս, իմ ամենահարազատ մարդկանց համար: Հիմա ամեն առավոտ նայում եմ հայելու մեջ` գոնե մեկ կնճիռ հայտնաբերելու հույսով: Բայց մաշկս այդպես էլ հարթ է մնում», – դժգոհում է Էնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ