Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյա՞նն էլ ընկավ «սեւ ցուցակ»

Հուլիս 31,2013 15:52

Ֆլեշմոբ ընդդեմ Սերգեյ Մակարյանի

Այսօր մի խումբ երիտասարդներ Երեւանի քաղաքապետարանի առջեւ ֆլեշմոբ էին կազմակերպել, որն ուղղված էր ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի: Ֆլեշմոբի ընթացքում մի խումբ երիտասարդներ նկարում էին քաղաքապետարանի շենքը, մասնավորապես Սերգեյ Մակարյանի աշխատասենյակի պատուհանը, որովհետեւ վերջերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ նա հայտարարել էր, թե իբրեւ ոչ ոք իրավունք չունի նկարել իր պատուհանը, ոչ ոք չի կարող հավաքվել իր պատուհանի տակ, եւ որ նա կարող է այդտեղ անել այն ամենն ինչ ուզում է՝ անգամ մոխիր թափել գետնին:
Այս հայտարարությունից դրդված՝ երիտասարդները Սերգեյ Մակարյանի պատուհանը նկարահանելուց հետո, բարձրաձայն մի բաց նամակ կարդացին ուղղված պարոն Մակարյանին, որտեղ գրված է. «Մենք մի խումբ ՀՀ քաղաքացիներ, համացանցում դիտելով տեսանյութը, որը վերաբերում է Ձեր աշխատասենյակի պատուհանից ծխախոտի մոխիր դուրս «կտտացնելուն», շատ մտահոգվեցինք, գիտակցելով, որ քաղաքակիրթ մարդն իրեն նման բան թույլ չի տա, հորդորում ենք, որ այսուհետ մոխիրը աշխատասենյակից դուրս չկտտացնեք եւ օգտվեք պետական կառույցներում ծխելու համար հատկացված հատուկ տարածքներից»:
Նամակում երիտասարդները հիշեցնում էին պարոն Մակարյանին, որ նա ընդամենը պետական պաշտոնյա է, որը ծառայում է հանրությանը եւ վարձատրվում պետական հարկերի շնորհիվ, եւ հատկապես մատնանշում իր խոսելաոճը՝ համարելով այն անընդունելի:
«Եւ, իմիջիայլոց, հարկ ենք համարում նշել, որ Երեւանի քաղաքապետարանի շենքը հանրային կառույց է, եւ այն նկարահանելը չի կարող առաջացնել ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ: Հետեւաբար ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն առանց թույլտվության նկարահանել քաղաքապետարանի շենքը, այդ թվում նաեւ Ձեր աշխատասենյակի պատուհանը»,- այսպես էր ավարտվում նամակը:
Կարդալուց հետո երիտասարդներն ուղեւորվեցին դեպի քաղաքապետարանի ընդունարանի մուտքի մոտ, որտեղ ընդմիջման ավարտին մի քանի րոպե սպասելուց հետո ներս մտան: Աշխատակցուհին հետ տվեց նամակը, ասելով, որ այն ստորագրված չէ եւ չկա որեւէ անձնագրի պատճե: Երիտասարդները տեղում միանգամից ստորագրահավաք կատարեցին, իսկ կազմակերպչի անձնագիրն էլ արագ հանձնվեց աշխատակցուհուն: Երիտասարդները հանձնեցին նամակը եւ հիմա սպասում են Սերգեյ Մակարյանի արձագանքին:
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031