Վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցներում հաճախ են հայտնվում հրապարակումներ, որոնք վերաբերում են հայերի կատարած հանցագործություններին: Օրինակ` ռուսական «V1» լրատվականը երեկ երկու լուր է հրապարակել` անդրադառնալով հայերի կատարած հանցագործություններին:
Aravot.am –ը մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց` սա կարելի՞ է որակել որպես տեղեկատվական պատերազմ` ուղղված ՀՀ-ի դեմ: Նա նպատակահարմար չհամարեց այս պարագայում օգտագործել «պատերազմ» բառը, քանի որ այն ծայրահեղացված կլինի տվյալ պահի համար, բայց նաև նկատեց. «Հայերի վրա ուղղված քարոզչությունը կա ու, ընդ որում, միայն հայերին չի ուղղված : Պետք է հարցը դիտարկել եռյակով` հավելելով Ուկրաինային ու Մոլդովային: Ինձ թվում է խնդիրն հետեւյալում է. քանի որ ՀՀ-ն նոյեմբերին Ասոցացման համաձայնագիր է կնքելու, ակնհայտորեն դրա դեմ բավականին լուրջ ռեսուրս է դրվել հայերի վրա ազդելու առումով: Դա ոչ միայն հակահայկականությունն է, այլև ուժեղ հակաեվրոպական քարոզչություն էլ է գնում: Գնում է Հայաստանին, Ուկրաինային, Մոլդովային ճնշելու քարոզչություն ՌԴ կոնկրետ լրատվամիջոցների կողմից, որոնք վերահսկելի են»:
Մեր հարցին` այս պարագայում ՀՀ-ն տեղեկատվական քաղաքականության ճի՞շտ ուղեգիծ է ընտրել: Ս. Մարտիրոսյանը պատասխանեց. «Պիտի գիտակցենք, որ սա ուղղորդված ալիք է: Օրինակ` այն քաղաքագետները, որոնք ակնհայտ պրոհայկական ելույթներ էին ունենում տարիներ շարունակ, վերջին մեկ ամսվա ընթացքում կոշտ, բացասական քարոզչական ելույթներով հանդես եկան, օրինակ` Զատուլինը, Զախարովը»:
Մեդիա փորձագետը կարծում է, որ ընդհանրապես քարոզչական գործողությունների մեջ կարևոր է գիտակցությունը, այդ դեպքում դու պաշտպանված ես: Ըստ Ս. Մարտիրոսյանի` այս պահին ՌԴ-ի հետ քարոզչական հակամարտության մեջ մտնելու իմաստ չկա, բայց ինչ-որ դեպքերում արձագանքելը ճիշտ է: Շարունակելով նա ասաց. «Օրինակ` Հրաչյա Հարությունյանի դեպքում, եթե նման հասարակական աղմուկ չբարձրանար, նույն ոճը կարող էր շարունակվել: Այստեղ կարևոր է ԱԳՆ-ի և դեսպանատան աշխատանքը: Իհարկե, դա մի կողմից բացահայտ կերպով չպետք է աշխատի, բայց մյուս կողմից դա էլ է կարևոր, որ նմանատիպ երևույթները կարողանանք զսպել»: Ս. Մարտիրոսյանը փաստեց, որ ընդհանրապես կա ուղղորդված քարոզչություն և դրա երկրորդ-երրորդ ալիքը ու մանրամասնեց. «Կարող է հատուկ գրված մի երկու նյութ լինել, բայց հետո այդ ալիքը ինքնագեներացվի: Ու գոնե դա պետք է կասեցնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ