«Դարձի՛ր հերոս, պայքարի՛ր կանանց նկատմամբ բռնության դեմ». այս խորագիրն էր կրում երեկ՝ հուլիսի 30-ին, Հյուսիսային պողոտայում իրականացվող ակցիան, որը նախաձեռնել էր Կանանց իրավունքների կենտրոնը: Կենտրոնի հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանի խոսքով՝ նպատակը «Ընտանեկան բռնություն» երևույթի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելն էր. «Այս երևույթը կա այսօր մեզանում ու մենք նմանատիպ ակցիաներով պայքարում ենք այդ տգեղ երևույթի դեմ, և որ ամենակարևորն է այս ամենում փորձում ենք ներգրավվել նաև տղամարդկանց», – նշեց Բաղդասարյանը:
Ակցիայի մասնակիցները Հյուսիսային պողոտայում մանեկեններ էին կանգնեցրել, որոնց վրա գրավոր տարբերակով փակցրել էին բռնության ենթարկված կանանց իրական պատմություններ: Ողջ ակցիան ուղեկցվում էր DJ-ի մատուցած երաժշտությամբ, մասնակիցներն էլ «Ո՛չ ընտանեկան բռնությանը» գրությամբ շապիկներ հագած իրազեկման թերթիկներ էին բաժանում անցորդներին. «Թերթիկների վրա գրված են մեր կենտրոնի հեռախոսահամարները, որպեսզի այն կանայք, ովքեր ենթարկվել են բռնության դիմեն մեզ, – ասաց Բաղդասարյանը, և հավելեց – այս ակցիայով մենք ծավալում ենք նաև «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանը» ցանցը, և այն տղամարդիկ, ովքեր համաձայնում են պայքարել մեզ հետ, անդամաթերթիկներ են լրացնում և դառնում ցանցի անդամ»:
Տիգրանուհի Թասլակյան
Հ.Գ. Ուրախալի փաստ է, որ ոչ ոք անտարբեր չէր անցնում ակցիայի կողքով, այն հետաքրքրում էր ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց, ովքեր սիրով լրացնում էին անդամաթերթիկներն ու պայքարում հիմնախնդրի դեմ:
Կարդացեք նաև