Վաղը Էդվարդ Նալբանդյանը վարչապետին խնդրելու է մարել նախարարության վրա մնացած դեբիտորական պարտքը
Անցյալ տարի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը արտգործնախարարության երկու պաշտոնյաների արտասահմանյան գործուղում չեղյալ է համարել, ինչի արդյունքում նախարարությունը 257600 դրամ պարտքի տակ է ընկել: Արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը պետք է մեկներ Ֆրանկֆուրտ` հայ-գերմանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով, իսկ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը պետք է մասնակցեր ԱՄՆ-ում անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա «Արմթեք» համաժողովին: Վարչապետի որոշումից հետո երկու պաշտոնյաների համար ձեռքբերված տոմսերը հետ տալու խնդիր է առաջացել, սակայն «Արմենիա Թրավել+Մ» ընկերությունը, որից ձեռք էին բերվել պաշտոնյաների գործուղումների տոմսերը, հայտնել է, որ Ֆրանկֆուրտ-Փարիզ–Երեւան տոմսը, որն արժե 197 600 դրամ, ենթակա չէ վերադարձման, իսկ Ֆրանկֆուրտ-Լոս Անջելես-Սան Ֆրանցիսկո–Բոստոն-Ֆրանկֆուրտ տոմսը ենթակա է վերադարձման` 60000 դրամ տուգանքի պայմանով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգից: Վաղը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարությանը կներկայացնի իր ունեցած պարտքերի ցուցակը` խնդրելով մարել վարչապետի որոշման արդյունքում «շալակած» եւ իրենց վրա մնացած, դեբիտորական պարտքը:
Լուսիեն ԲՈՒԴԱՂՅԱՆ