ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պնդմամբ՝ «տրանսպորտային շարժումը» քաղաքական ենթատեքստ ունի
– Թեեւ Երեւանի քաղաքապետը ստիպված եղավ ընդառաջ գնալ բնակիչների ճնշումներին եւ ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնել, այնուհանդերձ՝ բողոքի ալիքը կարծես չի մարում, եւ քաղաքապետարանի մոտ դեռեւս շարունակվում են ակցիաները: Ինչպե՞ս կբնութագրեք ներկայումս քաղաքապետարանի դիմաց ընթացող ակցիաները:
– Ազատ խոսքի իրավունքը դեմոկրատական երկրին բնորոշ հատկանշական դրսեւորումներից է, եւ միշտ էլ ուզածդ երկրում ինչ-որ բան պահանջողներ լինում են: Խնդիրն այն է, թե որքանով են այդ պահանջները տրամաբանության եւ օրենքների շրջանակներում, որքանով են այդ պահանջները հոգեհարազատ լայն հանրությանը, եւ ունե՞ն, արդյոք, հանրային աջակցություն: Քաղաքապետարանի շենքի առջեւ քանի օր շարունակ տեսնում ենք նույն՝ մոտ 50 երիտասարդ ակտիվ աղջիկների ու տղաների, եւ չէի ուզենա, որ իրենց մաքուր ու անկեղծ էնտուզիազմը գործիք դառնար ինչ-որ ուժերի ձեռքին: Այս օրերին մենք ականատես ենք լինում տարօրինակ վարքային դրսեւորումների՝ շատրվանների տակ պարեր, գոռում-գոչյուններ, որոնք կողքից որակվում են իբրեւ քաղաքացիական հասարակություն, քաղաքացիական ինստիտուտների պայքար եւ այլն: Մինչդեռ այս օրերին շատերի զարմանքն էլ շարժեց. արդյոք այսպիսի՞ն պետք է լինի քաղաքացիական հասարակությունը, եւ մի՞թե քաղաքացիական հասարակության դրսեւորման ձեւերը սրանք են: Կարծում եմ, որ դա նկատելի էր շատերի կողմից: Ստվերային կազմակերպիչները եւս զգացին, որ այդ ամենը աչքի է զարնում, եւ արագ փորձեցին վիճակ փոխել՝ շրջանառության մեջ դնելով վարքագծի կարգուկանոնին առնչվող ինչ-որ սահմանված կետեր: Այսինքն՝ իրենք էլ տեսան ու անհանգստացան հանրության համար տարօրինակ այդ արտահայտչաձեւերի անլրջությունից: Կողքից նայող մարդիկ հասկանում են, որ քաղաքացիական ինստիտուտների հետ այստեղ աղերս քիչ կա: Ցավով պետք է արձանագրեմ, որ այսօր մեզ մոտ՝ Հայաստանում, այնպիսի պատկերացում կա, որ քաղաքացիական հասարակությունը միշտ պետք է պետության հակառակորդ լինի եւ գործի պետության դեմ: Այս ընկալումը այսօր գերիշխող է դարձել մեզանում՝ քաղաքացիական զարգացումների իմաստով, այնինչ, կարծում եմ, որ դա չպետք է այդպես լիներ: Սա առանձին ընդգրկուն թեմա է, որին արժեր անդրադառնալ:
– Դուք ակնարկեցիք «ստվերային կազմակերպիչների» մասին. ո՞ւմ կամ ո՞ր ուժերին նկատի ունեք, ի՞նչ աղերսներ եք տեսնում այս ողջ գործընթացների մեջ:
Կարդացեք նաև
– Անկասկած է, որ գործ ունենք կազմակերպված ակցիայի հետ: Ըստ իս՝ ակցիայի հեղինակները եւ իրական պատվիրատուները քաղաքապետից դժգոհ կամ իրենց տեղը չգտած տարրերն են եւ հատկապես այն ուժերը, որոնց սին լինելը երեւաց հենց քաղաքային ընտրությունների ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, թե ինչպիսի աջակցություն ունեն հենց այդ նույն երեւանցու կողմից, եւ որի ընթացքում բացահայտվեց նաեւ, թե ինչ աջակցություն ունի Տարոն Մարգարյանը: Հիմա փորձում են այդ «քաղաքացիական» համարվող ինստիտուտների պայքարին հընթացս շարժվել՝ իրենք իրենց ներկայացնելով որպես պայքարի մասնակիցներ կամ լիդերներ, եւ քաղաքականացնելով այն՝ փորձել օգտվել պայքարի արդյունքներից: Կարծում եմ՝ այս է ողջ պրոցեսը: Վերնաշենքը սա է, իսկ հիմքում հետեւյալն է՝ Երեւան քաղաքի տրանսպորտային խնդիրները (ինչպեսեւ ողջ երկրինը) իրականում լուրջ հիմնախնդիր են քաղաքի համար: Այդ մասին Երեւանի քաղաքապետը խոսել է իր նախորդ պաշտոնավարության ժամանակ: Ի դեպ, ե՛ւ խոսել է, ե՛ւ գործել: Բավական լուրջ եւ էական գործողություններ են ձեռնարկվել, այդ թվում՝ նույն ավտոբուսների ներկրումը, քաղաքում տարբեր տրանսպորտային ծառայությունների գոյության վերադարձը՝ ավտոբուս, երթուղային տաքսի, տաքսի, որոնք տարբեր գնային սեկտորներում տարբեր մատչելիության տրանսպորտի տեսակներ պետք է լինեն եւ ապահովեն տրանսպորտային համակարգի բնականոն զարգացումը: Այս քայլով քաղաքապետը հաջորդ քայլն էր կատարում, այսինքն՝ ավտոբուսների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն էր ապահովում: Այդ մասին խոսել են նաեւ բոլոր այն ընդդիմադիր ուժերը, ովքեր քաղաքային ընտրությունների ժամանակ Երեւանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդն էին: Երկրորդը, որը նույնպես միանշանակ է, այն է, որ այսօրվա իրավիճակը հնարավորություն չի ստեղծում քաղաքի տրանսպորտային համակարգի զարգացման համար, ասել է թե՝ անհրաժեշտություն կա էական բարեփոխումների, լուրջ ռեֆորմների ու քայլերի:
– Ինչպիսի՞ն պետք է լինեն այդ քայլերը:
– Կիսում եմ քաղաքապետի մոտեցումն առ այն, որ պետք է ձեռնարկվեն հանրային եւ մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ, պետք է դիտարկվեն եւ խորքային վերլուծության ենթարկվեն մասնակիցների առաջարկները, եւ գլխավորը՝ մենք պետք է ունենանք մշակված ռազմավարություն, կոնցեպցիա: Թերեւս այն ժամանակ, երբ հարցին կոնցեպտուալ մոտեցում ցուցաբերվի, կպարզվի, որ այդ պլատֆորմում բազմաթիվ քայլեր կան, որոնցից մեկը նաեւ գնի փոփոխությունն է: Ուզենք, թե չուզենք, վաղ թե ուշ, կարճ, թե երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է գնանք այդ կոնցեպտուալ փոփոխություններին, եթե չենք ուզում, որ քաղաքը ընդհանրապես մնա առանց տրանսպորտային համակարգի:
– Այսինքն՝ ըստ Ձեզ, այս շարժումը քաղաքականացվա՞ծ է:
– Իհարկե: Այսօրվա շարժման հիմքում ըստ էության ոչ թե տրանսպորտային հիմնահարցն է, այլ որոշակի շահագրգիռ ուժերի կողմից փորձ է՝ տրանսպորտի ոլորտում եղած դժվարություններն օգտագործելու սեփական շահերի, խնդիրների լուծման եւ իրավիճակի սրացման համար: Սա նոր գործելաոճ չէ, եւ մենք սա բազմաթիվ անգամներ տեսել ենք. երկրի եւ ժողովրդի դժվարություններն օգտագործվում են կամ չարախնդալու, կամ դրանց վրա իրենց հաջողությունները կառուցելու համար: Տորթեր կսարքեն, թե 100 դրամանոց ցույցեր, բայց իրողությունն այն է, որ քաղաքն ունի լրջագույն խնդիրներ եւ ունի կամային գործիչ քաղաքապետ, որի ե՛ւ կազմակերպչական փորձառությունը, ե՛ւ պատրաստվածությունը, ե՛ւ կամային հատկությունները, հայրենասիրությունն ու հարգանքը քաղաքացու նկատմամբ բավարարելու են քաղաքի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Իսկ այս փորձերը, կարծում եմ, մեզանում չեն հաջողել, չեն էլ հաջողելու:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Տիկին Նաղդալյան, իսկ ինչ վատ բան կա շատրվանների տակ պարելու մեջ, մի’ մոռացեք, նրանք երիտասարդներ են, երակներում արյունը եռռում է եւ դա գուցե նրանց կյանքի առաջին ու մեծ հաղթանակն էր, այդ պատճառով էլ ինքնամոռաց ուրախանում էին: Նրանց անշառ ուրախությունը, հաստատ, ավելի բարոյական է, քան պատգամավորների, քաղաքապետարանի պաշտոնյաների քողարկված գծեր ունենալը եւ հանուն սեփական բիզնեսի, գերշահույթների սեփական ժողովրդին քամելը:
Հերմինե Նաղդալյանը 2011 թ. հանձնած կամ ստացած փոխառություններից ստացել է 348 մլն դրամի եւ 730 հազար դոլարի եկամուտ: Պատգամավորին եկամուտ է բերել նաեւ ԱԺ-ից ստացած 3 մլն 130 հազար դրամ աշխատավարձը, 485 մլն 886 հազար 333 դրամ շահաբաժինը, ինչպես նաեւ երկու փոխառություններից ստացած գումարները՝ համապատասխանաբար 83 մլն 868 հազար 434 եւ 304 մլն 526 հազար 500 դրամ: Ընհանուրը 1.225,411,267 դրամ և 730,000 դոլար։ Վերցված է Google.am Հերմինե Նաղդալյան սայթից ։ Մնացածը թողնում եմ ընթերցողին, ահա թե որտեղից է գալիս այդպիսի մտածելաձևը։
Հերմինե Նաղդալյանն ևս գծատեր է /Երևան-Սիսիան երթուղի/:Ժողովդական առած կա.”Ծունը շան ոտքը չի կողի”: