Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծված կանանց ստիպում են դիմումը հետ վերցնել

Հուլիս 31,2013 13:55

«Ցանկացած ընտանիքում «խոսք ու զրույց» լինում է, կմոռացվի կգնա»՝ ասում են մեծերը, բայց կան ընտանիքներ, որտեղ «խոսք ու զրույցը» վերածվում է ծեծ ու ջարդի, ու նույնիսկ այս դեպքում մեծերն էլի ասում են՝ «ընտանիք է՝ ամեն ինչ էլ պատահում է, պետք է դիմանալ, հանդուրժել ու հնազանդ լինել»: Ընտանեկան բռնությունը միայն Հայաստանում չէ, որ կատարվում է, այն աշխարհի տարբեր երկրներում էլ կա, բայց կախված կարծրատիպերից եւ մենթալիտետից՝ բռնությունից հետո գործընթացներն ու արդյունքները շատ տարբեր են լինում: Աշխարհի տարբեր երկրներում տարբեր օրենքներ կան ընտանեկան բռնության վերաբերյալ, բայց ոչ՝ Հայաստանում:

Վերջերս կառավարությունը մերժեց տարիներով մշակած «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը՝ այն համարելով հակասահմանադրական: Ընդ որում, կառավարության հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ այլ օրենսգրքերում կան համապատասխան հոդվածներ, ըստ որի՝ բռնարար անձը պատասխանատվության է ենթարկվում: Մինչդեռ ընտանեկան խնդիրներով եւ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների անդամները գտնում են, որ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը կանխարգելիչ եւ բռնության ենթարկվողներին աջակցող միջոցառումներ էր ներառում:

2012 թվականին, ՀՀ ոստիկանության տվյալներով, ընտանիքներում գրանցվել է  766 բռնության դեպք, 5 կին մահացել է, 12 մանկահասակ երեխա մնացել է առանց մոր: 2012 թվականից հետո էլ ընտանեկան բռնության դեպքեր են արձանագրվել: Միայն վերջին 3 ամսում 3 դեպք է արձանագրվել, որից մեկը՝ մահվան ելքով. Արարատ քաղաքում ամուսինը դանակահարելով սպանել է կնոջը՝ երեխաների աչքի առջեւ:

Օրերս էլ Գյումրիում ամուսինը դանակի 10 հարված է հասցրել կնոջը՝ սոցկայքերից մեկում գրանցվելու համար:

Հունիսի 28-ին էլ դանակի մոտ 25 հարվածներով Երեւանում կրկին ամուսինը գրեթե այն աշխարհ էր ուղարկելու կնոջը. բժիշկների մեծ ջանքերի շնորհիվ փրկվել է կինը՝ Տաթեւիկ Նիկողոսյանը: Մինչ կյանքին վտանգ սպառնացող դանակահարությունը՝ Տաթեւիկը 10 տարի շարունակ ամուսնու կողմից ենթարկվել է թե հոգեբանական եւ թե ֆիզիկական բռնությունների. ամոսինը շիկացած պտուտակահանով այրել է ձեռքերը, ռետինե խողովակով ծեծել, պարբերաբար բռունցքներով ու ոտքերով հարվածել դեմքին ու մարմնի այլ հատվածներին:

Որքանո՞վ կօգներ ծեծված-ջարդված կանանց «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, եւ արդյոք օրենքն ունենալու դեպքում հնարավոր կլինե՞ր բռնության պատճառով մահվան դուռը չհասցնել կնոջը: «Այո»,- վստահեցնում են ոլորտի մասնագետները: Եթե այսօր բռնության դեպք է գրանցվում, հաճախ դրանք իրավական հետեւանք չեն ունենում, քանի որ բռնարար ամուսիններն ու ընտանիքի այլ անդամները կամ ամոթի զգացումը՝ իբր ամուսնու վրա «գործ է տալիս», ստիպում են ծեծված կնոջը հաղորդում չտալ ոստիկանություն, կամ եթե նույնիսկ նյութեր են պատրաստվել, կանայք հերքում են, որ ծեծվել են (սովորաբար ծեծված կանայք ասում են՝ ոտքս սայթաքել՝ ընկել եմ, լոգանք ընդունելուց եմ ընկել ու գլուխս հարվածել չուգունե լոգարանին եւ այլն), կամ էլ տրված բողոքը հետ են վերցնում:

Իսկ օրենքի առկայության դեպքում առանց որեւէ անձի հաղորդման ոստիկանությունը պարտավորված կլիներ գործին ընթացք տալ:

«Առավոտի» հետ զրույցում «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության արագ արձագանքման խմբի փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց. «Ընտանեկան բռնության մասին» օրենքով մասնավոր մեղադրանքը պարտադիր չէր, փաստի առթիվ քրեական գործ հարուցելու համար անձի վրա հայտարարություն կամ հաղորդում տալու պարտադրանք չկար: Ասենք՝ բռնության ենթարկվածի ուզենալ-չուզենալով չէր լինելու հարցվելիք գործը, այդ դեպքում հավանաբար քրեական գործերը նորմալ ընթացք կունենային: Ի դեպ, հունիսի 28-ին ամուսնու կողմից դանակի 25 հարված հասցնելուց մի քանի ամիս առաջ Տաթեւիկը նորից բռնության է ենթարկվել, Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել էին նյութեր՝ ապօրինի ազատությունից զրկելու եւ բռնություն կիրառելու համար, բայց Տաթեւիկը ինքը գնացել եւ հրաժարվել է»:

Հ/կ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե օրենքին դրական եզրակացություն տրվեր, ապա կհասկանայինք, որ  կառավարությունը գիտակցում է՝ ընտանեկան բռնությունն այսօր հիմնախնդիր է մեր երկրում. «Մենք փորձում ենք անընդհատ բարձրաձայնել, լուսաբանել՝ փորձելով ցույց տալ, որ նաեւ օրենքի բացի պատճառով է, որ այս կամ այն վերջաբանն են ունենում դեպքերը: Մենք հիմա շատ դեպքեր ունենք, որ մինչեւ դիմում չներկայացվի ոստիկանություն՝ համապատասխան քննության չեն առնում, շատ ժամանակ կնոջը ստիպում են դիմումը հետ վերցնել: Հիմա որքան էլ ասենք՝ ոստիկանությունը պատրաստակամ է օգնել ընտանեկան բռնության զոհերին, իրականությունը մի փոքր այլ բան է փաստում, որովհետեւ Տաթեւիկը մի քանի անգամ բռնության է ենթարկվել, ոստիկանության կողմից արձագանք չի եղել, բայց պետք է լիներ, որովհետեւ տեղյակ է եղել, իսկ  օրենքով շատ բաներ կփոխվեին, ու գուցե նման վերջաբան չունենար»:

Օրինակ բերելով օրերս Գյումրիում սոցկայքի պատճառով 10 անգամ դանակահարված կնոջը՝ Աննա Նիկողոսյանը շեշտեց, որ կինը կտրականապես հերքում է, թե իր հետ որեւէ բան է պատահել. «60/0 ճնշումով հիվանդանոց են տարել կնոջը, բայց մերժում է, որ իր հետ նման բան է եղել»:

«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի հիմնադիր Աննա Արուճյանի դիտարկմամբ էլ՝ օրենքի նախագիծը մի շատ կարեւոր կետ ուներ. «Պետք է լինեին պետական ապաստարաններ, այստեղ կարող էին դիմել բռնության ենթարկված կանայք, որպեսզի կինը ստիպված չլինի վերադառնալ այն ընտանիք, որտեղ բռնության մթնոլորտ է տիրում, որն էլ հիմնական պատճառն է, որ իրենց դիմումը հետ են վերցնում»:

Նշենք, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ընդունել են ընտանեկան բռնությանը վերաբերող օրենք, իսկ Հայաստանում նույնիսկ ոստիկաններն են փորձում ընտանեկան բռնությանը իրավական գնահատական չտալ: Հ/կ-ի մեկ այլ անդամի՝ Լիդա Մինասյանի ներկայացմամբ՝ դեպքեր են արձանագրվել, երբ ոստիկանները բռնության «զոհերին» ասել են՝ «սա ձեր ընտանեկան խնդիրն է, ոչ ոք չպետք է խառնվի, պետք է մնա ձեր տան պատերի ներսում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031