Լրահոս
Օրվա լրահոսը

Մեռյալ կառույցներ

Հուլիս 31,2013 13:47

Տրանսպորտի չկայացած թանկացումը, Եվրոպա-Եվրասիա կեղծ այլընտրանքը եւ այլ աշխարհացունց իրադարձությունները ստվերեցին Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարը: Առաջ այդ միջոցառման մեջ էլ ինչ-որ խարդավանք կար՝ գալիս էր Աբգար Ափինյանը «իր բրիգադով», գրողների մեջ լեզվակռիվ էր սկսվում, անվայել խոսքեր, մի քիչ էլ հրմշտոց, մի խոսքով՝ լրագրական հետաքրքիր նյութ: Բայց Աբգարը չեկավ, եւ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես որ կանցներ, ասենք՝ 40 տարի առաջ՝ միաձայն, բաց քվեարկությամբ չորրորդ անգամ վերընտրվեց Լեւոն Անանյանը, որը, հավանաբար, ղեկավար պաշտոնում իր երկարակեցությամբ ցանկանում է գերազանցել Նազարբաեւին կամ Քարիմովին:
Խնդիրը, սակայն, անձերի մեջ չէ: Եթե Աբգարը գար եւ սկանդալ սարքեր, դրանից հայ գրականությունը հաստատ չէր շահի: Պարզ է, որ այդ միությունը մեռած, բրեժնեւյան կառույց է՝ ֆորմալ միջոցառումներով եւ հաշվետվություններով, որը ղեկավարում է սովորական ակնարկագիրը: Բայց երբ այն ղեկավարում էր նշանավոր գրողը՝ 20-րդ դարի դասականը, դա նույն կառույցը չէ՞ր: Իսկ այն, որ կոմպոզիտորների միության ղեկին է տաղանդավոր երգահան, դա փոխո՞ւմ է այս կազմակերպության բնույթը:
Պարզապես պետք է հասկանալ, որ ստեղծագործական միությունները այն տեսքով, որով դրանք գոյություն ունեն, ստեղծվել են բոլորովին այլ երկրում եւ այլ նպատակներով եւ բարեփոխման ենթակա չեն: Մերկապարանոց չլինելու համար մեջբերեմ հատվածներ ԽՍՀՄ գրողների միության կանոնագրերից. «Խորհրդային գրողների միությունը իր գլխավոր նպատակն է հռչակում ստեղծել բարձր գեղարվեստական նշանակություն ունեցող գործեր, որոնք… հագեցված կլինեն միջազգային պրոլետարիատի պայքարով, սոցիալիզմի հաղթանակի պաթոսով, արտացոլում են կոմունիստական կուսակցության իմաստուն եւ հերոսական բնույթը» (1934): «Գրողների միությունը մասնակցում է հանուն կոմունիզմի կառուցման, սոցիալական առաջընթացի, խաղաղության եւ ժողովուրդների բարեկամության պայքարին» (1971):
Այսպիսով, ըստ էության, գոյություն ուներ գրականության (երաժշտության, նկարչության) նախարարություն, որը կոչված էր ծառայել որոշակի նպատակների: Մի կողմ թողնենք՝ այդ նպատակները իրակա՞ն էին, թե՞ պատրանքային, եւ ինչպես էին արվեստագետները փորձում խորամանկորեն շրջանցել դրանք: Փորձենք հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ ունեն հիմա ստեղծագործական միությունները՝ որ դրանց առաջին դեմքերն իրենց շրջապատի հետ մեկտեղ ապահո՞վ ապրեն, որ գրողները տարին մի քանի օր գնան Ծաղկաձոր՝ հանգստանալո՞ւ, որ մի քանի թոշակառու նպա՞ստ ստանան: Դրանք մանր նպատակներ են, եւ հանուն դրանց գրողների միություն պետք չէ պահել: Գրքե՞ր հրատարակել: Բայց ո՞վ է տալիս դրանց փողը՝ պետությո՞ւնը, հովանավորնե՞րը: Թող լինի հեղինակավոր փորձագետների խումբ, որը նույն պետությանը կամ նույն հովանավորներին կասի՝ այս գիրքն արժե տպել, իսկ այս մեկը՝ ոչ: Դրա համար էլ ստեղծագործական միության անհրաժեշտությունը չկա:
Իսկ ընդհանրապես գրականությունը, արվեստը անհատական գործ է: Գրողը գլուխը կախ գրում է, չգրողը դատողություններ է անում «գրականության դերի եւ նշանակության» մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arthur says:

    Ցավոք մեր երկիրում նման մեռյալ կառույցները բազմաթիվ են:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031