«Շուրջ տասնհինգ եւ ավելի տարիներ որդիս՝ Խաչատուր Ղալեչյանը, սեփականաշնորհման գործընթացում իր դեմ իրականացված չարաշահումների բացահայտմանն ու դրանց օրինական գնահատական տալուն ուղղված քայլեր ձեռնարկելով, ՀՀ-ում ոչ մի պատկան մարմնի կողմից չստացավ խնդրի օրինական լուծում եւ ճարահատյալ , գուցե հույսով , որ գոնե լսելի կլինի իրավասու մարմինների կողմից բենզինով լցված շշով խփել էՀՀ գլխավոր դատախազության շենքի դռանը»,-այսպես է սկսել մեր լրատվամիջոցին ուղղված իր նամակ-ահազանգը Խաչիկի մայրը՝ Ջուլետա Հակոբյանը:
Տիկին Հակոբյանը տեղեկացնում է, որ որդին ներկայումս պահվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Նա 17 օր է, ինչ գտնվում է հացադուլի մեջ:
«Նրան չեն մեկուսացրել, նա գտնվում է ընդհանուր խցում՝ 69-ում, նրանով ոչ մի իրավասու մարմին չի հետաքրքրվում, նրան չի տրվում թուղթ, գրիչ, չի տրվել հանրային պաշտպան»,-հայտնում է մայրը:
Մայրը խնդրում է իրավապաշտպան կառույցներին այցելել որդուն, նրա առողջական վիճակի հետ կապված: