Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիի ռուսական ռազմաբազայի գինը

Հուլիս 31,2013 13:26

Օգոստոսին ակնկալվում է Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Ադրբեջան, այս մասին օրերս հայտնել է ՌԴ նախագահի մամլո ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովը: Նա նաեւ հավելել է, որ այցի ճշգրիտ ժամկետների մասին կհայտարարվի մոտ ժամանակներս: 

Ադրբեջանում աշնանը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Պուտինի այցը, եթե իսկապես տեղի ունենա, եւս մեկ ապտակ կարելի է համարել ռազմավարական դաշնակցի կողմից՝ ուղղված Հայաստանին, քանի որ Հայաստանի վերջին նախագահական ընտրություններից առաջ Պուտինի՝ Երեւան այցելելու բազմաթիվ տեղեկությունները՝ այդ այցի նախապատրաստման ու ժամկետների վերաբերյալ շարունակական լուրերը շրջանառվեցին, սակայն այդպես էլ իրականություն չդարձան: Հայաստան՝ Պուտինի այցի առնչությամբ մի քանի անգամ գրվեց, որ այն հետաձգվում է, իսկ հիմա դրա մասին ոչ ոք չի էլ խոսում։

Մինչդեռ մամուլում արդեն իսկ տեղեկություններ են հրապարկվում Բաքու կատարելիք Պուտինի այցի օրակարգային թեմաների վերաբերյալ: Համոզմունք կա, որ Մոսկվան փորձելու է մուտք գործել Ադրբեջանի էներգետիկ շուկա եւ այցը, այս առումով, կարող է շրջադարձային լինել: Առանցքային է համարվում ռուսական կողմի ցանկությունը՝ մասնակցել երկու տարի առաջ հայտնաբերված «Ապշերոն» գազային հանքավայրի շահագործմանը, այս մասին տեղեկացրել էր Reuters-ը` հավելելով, որ ռուսական առաջատար նավթային ընկերությունը`Роснефть-ը ցանկանում է մաս կազմել այս նախագծին:

Բայց սա դեռ ամենը չէ․ ռուսական ԶԼՄ-ներն էլ իրենց հերթին հայտնում են, որ Роснефть ընկերությունը չի պատրաստվում սահմանափակվել միայն Ապշերոնի գազային հանքավայրի շուրջ բանակցություններով: Коммерсант-ը հայտնեց, որ Роснефть-ի ղեկավարությունը Պուտինի այցի ընթացքում բարձրացնելու է նաեւ արդեն շահագործվող «Շահ Դենիզ-2» հանքավայրում բաժնեմաս ձեռք բերելու հարցը: Ըստ ռուսաստանյան պարբերականի՝ ռուսական ընկերության ղեկավարները արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել British Petroleum նավթային ընկերության հետ՝ երրորդ երկրներում համագործակցության մասին: «Եթե Պուտինը կարողանա համոզել ադրբեջանական կողմին, որ արեւմտյան էներգետիկ ընկերություններին հետ մեկտեղ ռուսական կապիտալը եւս այստեղ անելիք ունի, դա կդառնա Մոսկվայի խոշոր դիվանագիտական հաղթանակը», գրել էր ռուսաստանյան պարբերականը:
Այսպիսով, ռազմական ոլորտում 2010-2011թթ․ կնքված ռուս-ադրբեջանական համաձայնագրերի արդյունքում Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի հարձակողական զենքի վաճառքի աղմուկից հետո, այժմ էլ ռուս-ադրբեջանական հարաբերությունները կարող են թեւակոխել էներգետիկ-տնտեսական փոխշահավետ համագործակցության փուլ: Վստահաբար, եթե այն, ինչ նախատեսում է պաշտոնական Մոսկվան, տեղի ունենա, ապա կարելի է կասկած չունենալ, որ Ադրբեջանի իշխանությունները էներգետիկ ոլորտի գործարքներում համագործակցության առումով սեփական շահը կպաշտպանեն ըստ արժանվույն: Վերհիշենք թեկուզ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի մի քանի տարի երկարաձգվող բանակցություններն ինչպես ավարտվեցին: 2012թ. դեկտեմբերին ռուսական կողմը դադարեց կայանի շահագործումը, քանի որ պաշտոնական Բաքուն պահանջում էր տարեկան 300 մլն դոլար՝ նախկինում գործող 7 մլն դոլար վարձավճարի փոխարեն:
Ինչ վերաբերվում է ռուս-ադրբեջանական ռազմական ոլորտի համագործակցությանը, ապա այս հարցում էլ՝ ամեն ինչ դեռ առջեւում է․․․ Եթե մինչ այժմ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի հարձակողական զենք է վաճառվել, ապա ըստ ընդունված փաստաթղթերի՝ եւս երկու միլիարդ դոլարի զենք դեռ ռուսական կողմը պետք է վաճառի Ադրբեջանին:

Որքան էլ հնչեն հայտարարություններ, թե գազի սակագների բարձրացումը՝ Հայաստանում, Ադրբեջանին զենքի վաճառքը՝ «Մոսկվայի բիզնեսն» է, միեւնույն է, դեռ ոչ ոք չի հիմնավորել, թե ինչ տրամաբանությամբ է հայ-ռուսական գործարքների արդյունքում դաշնակից՝ հայկական կողմը, հայ հասարակությունը, ըստ էության տուժում, իսկ Բաքուն ռուս-ադրբեջանական գործարքներում՝ շահում:

Օրերս ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում  Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսպիսի միտք էր արտահայտել․ «․․․մենք Եվրամիության հետ բանակցության չենք կարող գնալ թեկուզ նրա համար, որ մեր տարածքում ռուսական զենք կա»:

ՀՀ նախկին վարչապետի տնտեսական հիմնավորումներն ու մտահոգությունները՝ կապված ԵՄ-ի, եվրոգոտու տնտեսական ապագայի վերաբերյալ, չվիճարկելով, այնուամենայնիվ, հարց է ծագում․ այսինքն, Հայաստանը, որը անկախացումից սկսած մեկուսացման մեջ է հայտնվել երկու հարեւանների կողմից, այժմ էլ «ռուսական զենքի» ներկայության պատճառո՞վ պետք է շարունակի հետ կանգնել տնտեսական շահավետ ա՞յլ հնարավորություններից ու հեռանկարներից: Ժողովրդական լեզվով ասած՝ «կրա՞կն ենք ընկել» միայն այն բանի համար, որ մեր երկրի տարածքում ռուսական ռազմաբազա է տեղակայված․․․

Մի՞թե այդքան թանկ պետք է վճարենք Գյումրիի ռուսական ռազմաբազայի ներկայության համար․․․

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031