Սեւ ծովից սառը քամիներ են գալիս
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց այս ամառվա եղանակային կտրուկ փոփոխությունները եւ, թե ինչպիսի օգոստոս է սպասվում այս տարի: Ներկայացնելով հուլիս ամսվա եղանակը,պարոն Սուրենյանը նշեց, որ հանրապետության շրջանների մեծ մասում եւ հյուսիսային հատվածներում տեղումների քանակն ամսվա կտրվածքով եղել է նորմայից ավելի՝ 100-150%, Արարատյան դաշտում՝ նորմայի սահմաններում, իսկ Սյունիքում` նորմայից պակաս:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ օգոստոս ամսին օդի միջին ջերմաստիճանը լինելու է 1 աստիճանով ցածր, այսինքն` լինելու է ավելի սառը օգոստոս, քան մյուս տարիներին: Եկող ամսվա ընթացքում Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում կարող է լինել ջերմաստիճանի բարձրացում՝մինչեւ 36-37 աստիճան, իսկ գիշերը ջերմաստիճանի նվազում՝մինչեւ 12-13 աստիճանով: Ամսվա մյուս օրերին մայրաքաղաքում եւ Արարատյան դաշտում ջերմաստիճանը կտատանվի 30-33 աստիճան, լեռնային շրջաններում՝20-25, Սյունիքի հովիտներում՝30-34 աստիճան, իսկ Սյունիքի նախալեռներում՝29-31 աստիճան:
Օգոստոս ամսին Արարտյան դաշտում եւ մայրաքաղաքում 4-5 օր նորմայի սահմաններում կլինեն տեղումներ կարճատեւ անձրեւի եւ ամպրոպի տեսքով, իսկ հյուսիսային շրջաններում տեղումները կլինեն 7-10 օր:
Գագիկ Սուրենյան օգոստոս ամսվա եղանակային այս փոփոխությունները բացատրում է Սեւ ծովից թափանցող մթնոլորտային սուր փոփոխություններով, որոնք էլ դարձել են Հայաստանի որոշ տարածքներում ջերմաստիճանի անկումների եւ հորդառատ անձրեւների պատճառ:
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ