Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում ծնողական կրթության առաջին կենտրոնը բացվեց Կապանում

Հուլիս 31,2013 00:03

Բրազիլիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ, այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ՝ «Մանուկների և վաղ տարիքի երեխաների թերսնուցման նվազեցում» նախաձեռնության շրջանակներում, Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում տեղի ունեցավ ծնողական կրթության կենտրոնի բացումը:

Կենտրոնն իր տեսակով առաջինն էր ամբողջ հանրապետությունում, որտեղ մայր ծնողները հնարավորություն կունենան ստանալու խորհրդատվություն, տեղեկատվություն՝ մանկան կյանքի առաջին երկու տարիների ճիշտ սնուցման, առողջության, խնամքի վերաբերյալ, եւ  վերապատրաստված բուժաշխատողների կողմից տարվելիք միջոցառումների օգնությամբ՝ բարելավելու իրենց գիտելիքները:

bacum-kentron

Այսուհետ նմանատիպ կենտրոններ են գործելու նաեւ Սյունիքի մարզի մյուս տարածաշրջաններում Մեղրիում, Կապանում, Գորիսում եւ Սիսիանում: Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները, տեղեկատվություններն ու գրականությունը հասանելի կլինեն նաեւ գյուղական համայնքներին եւ գյուղերում ապրող մայրիկները նույնպես, ցանկության դեպքում, կարող են ներգրավել կենտրոնում կազմակերպվելիք դասընթացներին:  Բժիշկները կառաջնորդվեն առողջապահության նախարարության  կողմից հաստատված ուղեցույցներով:

«Այսօր սկիզբ է դրվում մի ծրագրի, որը մեծ հեռանկարներ ունի,  եւ կարծում ենք, որ մոտ ապագայում լուրջ ազդեցություն է ունենալու մեր երեխաների առողջության վրա եւ թույլ կտա ձեր փորձը  տարածել ողջ հանրապետությունում: Երեկ նաեւ առաջարկներ ենք ստացել ԱՄՆ-ի կողմից՝ ընդլայնելու այս ծրագիրը, որը թույլ կտա նմանատիպ կենտրոններ ունենալ նաեւ Հայաստանի մյուս մարզերում», – նշեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Կենտրոնի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, ով նշեց, որ երեխաների սնուցման խնդիրը շատ կարեւոր է նաեւ Բրազիլիայում եւ ուրախ է, որ Բրազիլիայի փորձը կներդրվի նաեւ Հայաստանում:  «Երեխաների սնուցումը Հայաստանում հնարավոր է  բարելավել, եւ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք կրծքով եւ հավելյալ սնուցման վրա, որովհետեւ հատկապես հենց այդ բաղադրիչներն են ապահովում երեխայի  առողջ զարգացումն ու աճը, ինչպես նաեւ մտավոր կարողությունների զարգացումը հետագա կյանքի ընթացքում», -ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Արենսը:

Բացմանը ներկա էին նաեւ տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները, առողջապահության ոլորտի մասնագետներ ու պատասխանատուներ, ովքեր նույնպես կարեւորեցին կենտրոնի բացման գաղափարը եւ հույս հայտնեցին, որ իրականացվող ծրագիրը լավ արդյունքներ կարձանագրի:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031