1in.am․ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
– Այս շրջանում մենք ի՞նչ փուլում ենք, հատկապես հայ-ռուսական հարաբերությունների մասով: Վերջին շրջանի զարգացումները` և՛ ռուս-ադրբեջանական հայտնի համաձայնագիրը, և՛ Հրաչյա Հարությունյանի հետ կապված միջադեպը ցույց տվեցին, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է, և հատկապես Ասոցացման բանակցությունների շրջանում, կարծում եմ, հայ-ռուսական հարաբերությունները վերագնահատելու լրջագույն խնդիր ունենք:
– Նախ` հայ-ռուսական հարաբերությունները առանձնացնենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից, որովհետև խոսքը գնում է միջպետական հարաբերությունների մասին: Անկախության ողջ շրջանում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները երբեք այսքան լարված, ճգնաժամային չեն եղել: Պատճառը պետք է որոնել բացարձակապես Կրեմլում: Փորձենք դա քննարկել հենվելով միայն փաստերի վրա, որովհետև Ռուսաստանի ներկայացուցիչները և Հայաստանի որոշ գործիչներ անընդհատ փորձում են խեղաթյուրել փաստերը, մտցնում են ինչ-որ էմոցիաներ, հիստերիկ պահվածք:
Կարդացեք նաև
2011 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ռուսաստանը Ադրբեջանի հետ ստորագրեց շուրջ հինգ պայմանագիր՝ զենքի վաճառքի վերաբերյալ: Հիշեցնեմ` այդ պայմանագրերից բոլորը չէ, որ կատարվել են: Իմ տեղեկություններով` ավելի քան 3.5 միլիարդի պայմանագիր է ստորագրվել: Այն ժամանակ Ասոցացման պայմանագիրը այսքան խորը չէր, երբեք որևէ մեկը Հարավային Կովկասում դրան այդքան լուրջ չէր վերաբերվում: Գործընթացը լրջացավ շատ ավելի ուշ, երբ արդեն սեղանին դրվեց Ազատ առևտրի համաձայնագիրը, որը կազմում է Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասը, և սկսվեց զենքի ու սպառազինությունների մատակարարումը: Վերջին մեկ միլիարդ դոլարի գործարքը բացարձակապես հարձակողական սպառազինություն է: Հայաստանում կային մարդիկ, որ նույնիսկ պատրաստ էին Ռուսաստանին դրա համար շնորհակալություն հայտնել:
Մինչ այդ Ռուսաստանը աննախադեպ բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար, ընդ որում` Կրեմլին մոտ կանգնած ռուսական մի շարք վերլուծաբաններ պարզ հայտարարեցին, որ նպատակը բացարձակապես քաղաքական է, և սա արվում է, որպեսզի Հայաստանը ընդհանրապես մոռանա Եվրամիության գոյության մասին և մաս կազմի Ռուսաստանի ինտեգրացիոն գործընթացներին, որոնք Հայաստանի շահերի հետ ընդհանրապես կապ չունեն:
Անչափ կարևոր է, որ հարձակողական զենքի այդպիսի վաճառքն իրականացնում է Հայաստանի, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցը: Թե Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, թե Կրեմլի համար աշխատող նույն վերլուծաբանները որևէ փաստարկ չկարողացան բերել, միակ փաստարկն այն էր, որ դա մեր տնտեսական շահերից է բխում: Ասում էին նաև, որ մենք արդիականացնում ենք Գյումրիի ռուսական ռազմաբազան․․․ Բայց դա ի՞նչ կապ ունի ՀՀ զինված ուժերի հետ: Ավելին` հիշեցնեմ դեռ տարիներ առաջ Պուտինի արտահայտած տեսակետը` կապված Ռուսաստանի Գյումրիում տեղակայված ռազմաբազայի հետ: Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին` Պուտինն ասաց, որ Գյումրիի ռազմաբազան ուղղված չէ Ադրբեջանի շահերի դեմ, ուշադիր եղեք, ոչ թե Ադրբեջանի, այլ Ադրբեջանի շահերի դեմ: Իսկ Ադրբեջանի շահերը դա պատերազմն է ոչ թե Ղարաբաղի, այլ հենց Հայաստանի դեմ, դա ամրագրված է նրանց ռազմական և արտաքին քաղաքական դոկտրիններում: Ռուսաստանն ինքը առնվազն 2011-ի սկզբից հարցականի տակ դրեց երկու հարց: Առաջին` որ մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք, և` որ ինքը կապահովի Հայաստանի անվտանգությունը:
Ադրբեջանին զենքի վաճառքի գործարքին հետևեց հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ կապված դեպքը: Հրաչյա Հարությունին ինչ-որ դեղերի ազդեցության տակ բերեցին դատարան: Սա ուղղակի նրա իրավունքների կոպիտ ոտնահարում էր: Զարմանալի է, որ այդ դատը վարող դատավորը դրան չանդրադարձավ, այնուհետև, երբ նրան տեղափոխեցին բանտ` «Բուտիրկա», պարզվեց, որ նրա ձեռքը կոտրված է: Այստեղ կա երկու բացատրություն` կամ նրա ձեռքը կոտրված է եղել վթարի արդյունքում և անհրաժեշտ օգնություն նրան չի ցուցաբերվել, կամ դա տեղի է ունեցել դատից հետո: Երկրորդ պահը, որ նա այդ հագուստով բերվեց: Ես, իհարկե, կարող եմ ենթադրել, որ դա կատարվել է տեղական իշխանիկների, տեղական պաշտոնյաների որոշմամբ, բայց ռուսական կողմից որևէ գնահատական չտրվեց: Ընդհակառակը` հնչեց բացարձակապես ոչ ադեկվատ արտահայտություն Հայաստանում Ռուսաստանի դեսպանության կողմից: Բայց մենք ունենք շատ առողջ հասարակություն, որն արձագանքեց ինչպես հարկն է, և ըստ էության, Ռուսաստանը զարմացած էր, որ կարող էր նման արձագանք լինել: Նաև նշեմ, որ այն, ինչ մեր երիտասարդությունը դրանից հետո կատարեց փոխադրամիջոցների գնի բարձրացման դեմ, ուղղակի ցույց է տալիս, որ անկախության սերունդը թույլ չի տա, որպեսզի դրսից որևէ երկիր փորձի ոտնահարել մեր պետության արժանապատվությունը և պետականությունը: Այն, ինչ արեց մեր երիտասարդությունը՝ լուրջ հույս արթնացրեց մեր հասարակության մոտ, որ բարոյահոգեբանական խորը ճգնաժամը, որ կա Հայաստանում և քաղաքական դաշտում, ինչը վերջին երկու տարիների գործընթացների արդյունքում է առաջացել, կարող է հաղթահարվել: Քաղաքացիական հասարակությունը ցույց տվեց, որ ինքը կարող է կանգնել այն բարոյական բարձր արժեքների վրա, որը կար 80-ականների վերջին, 90-ականներին:
– Հրաչյա Հարությունյանի հետ կապված ցույցերի ժամանակ նշվում էր, որ դրանք ուղղորդվում են Արևմուտքի կողմից:
– Ընդհանրապես, Ռուսաստանը վերջին տարիներին իր բոլոր խնդիրները փորձում է բացատրել Արևմուտքով: Իր բոլոր տապալումների պատճառը փորձում է փնտրել իրենից դուրս: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մեզ համար չափազանց կարևոր են, բայց շատ ավելի կարևոր է մեր պետականությունը, ինքնիշխանությունն ու արժանապատվությունը: Ռուսաստանում սա շատ լավ հասկացել են: Հայաստան-Ռուսաստան ներկայիս հարաբերությունները սկսվել են և հիմնադրվել Ռոբերտ Քոչարյանի օրոք: Ի՞նչ հիմքերի վրա: Առաջին՝ գույք պարտքի դիմաց, երկրորդ` Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ամբողջապես հանձնվեց Ռուսաստանին, երկաթուղային ողջ համակարգը հանձնվեց Ռուսաստանին: Եվ ըստ էության Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դրվեցին հետևյալ սկզբունքի վրա` Հայաստանին իր արտաքին քաղաքականության մեջ կարելի է այն ամեն ինչը, ինչը չի հակասում Ռուսաստանի շահերին: Երբ Ռուսաստանը իր քաղաքականությունը Հարավային Կովկասում վերանայեց, պարզվեց, որ մենք ունենք մեր շահերը, որոնք պիտի հետապնդենք և հասկանանք, որ մեր անվտանգությունը պարտադիր պետք է դիվերսիֆիկացվի: Ռուսաստանի այսօրվա քայլերն ինձ հիշեցնում են փլուզվող Խորհրդային Միության պահվածքը: Ըստ էության, Ռուսաստանը փորձում է իրականացնել նոր «Կոլցո» օպերացիա: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը կկարողանա դրան դիմակայել: Առաջիկայում մեր հասարակության և քաղաքական համակարգում կարմիր գծով անցնելու է շատ կարևոր մի թեզ. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ունե՞նք սեփական շահեր, որոնք պետք է պաշտպանել, թե՞ այդ հարաբերություններում Հայաստանը պետք է ապահովի ամեն ինչ, որպեսզի բարյացակամ դիրքորոշում ունենա Ռուսաստանի կողմից: Այդ զարգացումները գնալու են, և մենք դրանց դիմակայելու ենք:
Հարցազրույցն ամբողջությամբ եւ տեսագրությունը՝ «Առաջին լրատվական»-ի կայքում:
Պե՛տք է դիմակայել: