Ս․թ հուլիսի 30-ին Հանրային խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Գասպարյանը կապվել է մի քանի ակտիվիստների հետ և տեղյակ պահել hանրային խորհրդում 31.07.2013-ին ժամը 14:00-ին տրանսպորտային խնդիրների վերաբերյալ կայանալիք քննարկման մասին` հրավիրելով վեց հոգու այդ քննարկմանը մասնակցելու համար:Ակտիվիստները այդ մասին տեղեկությունը տեղադրել են «Վճարում ենք 100 դրամ» ֆեյսբուքյան խմբում՝ հաշվի առնելով, որ խմբի ցանկացած անդամ կարող է և իրավունք ունի մասնակցել:
Հայտարարում ենք, որ hանրային խորհրդի նախաձեռնողականությունը ողջունելի է. այն կնպաստի գործընթացի ավելի հանրօգուտ զարգացմանը: Սակայն, տրանսպորտի թանկացման դեմ նախաձեռնությունը ձևավորվել և ծավալվել է ապակենտրոն և հորիզոնական սկզբունքով, ուստի այժմ դժվար է ողջ նախաձեռնությունը ներկայացնող ներկայացուցչական խումբ ձևավորելը։ Տրանսպորտային խնդիրների դեմ պայքարի մասնակիցները ամեն օր ժամը 20:00-ին հավաքվում են Մաշտոցի պուրակում և հանրային ժողովի ձևաչափով քննարկում հետագա անելիքներն ու խնդիրները: Հորդորում ենք hանրային խորհրդին քննարկումը տեղափոխել Մաշտոցի պուրակ, որպեսզի յուրաքանչյուր ցանկացող հնարավորություն ունենա մասնակցել:
Կանխավ շնորհակալ ենք:
Կարդացեք նաև
«Վճարում ենք 100 դրամ»