Լրահոս
Օրվա լրահոսը

Դատաբժշկական փորձաքննություն` Վարդան Ղուկասյանի շքախմբի կողմից Անիի նախկին ոստիկանապետին ծեծելու առթիվ

Հուլիս 30,2013 22:06

Ինչպես հայտնի է` հուլիսի 17-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործի քննության ժամանակ, երբ որպես վկա հրավիրվել էր հենց նախորդ քաղաքագլուխը, միջադեպ էր գրանցվել դատարանի դահլիճում: Վարդան Ղուկասյանին ուղեկցող անձիք դատարանի միջանցքում մարմնական վնասվածքներ էին հասցրել սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի հորը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին, որին և դատարանից տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Այս առիթով հարուցվել է քրեական գործ:

Անիի նախկին ոստիկանապետը այսօր հերթական դատական նիստից հետո թեև չցանկացավ խոսել այս թեմայով, սակայն որպես ապացույց, որ իրեն ծեծել են, ցույց տվեց վնասված ծունկը: Նրա փաստաբան Լուսինե Սահակյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց հետևյալը. «Սամվել Սարգսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սամվել Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց դատարանից , և քանի որ նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում և ուներ վնասվածքներ, համապատասխանաբար` ըստ օրենքի, բժիշկները արդեն ոստիկանություն դիմել էին, որ վնասվածքներով անձ է տեղափոխվել, և արդեն իսկ նյութեր նախապատրաստվում են: Իսկ երբ Սամվել Սարգսյանը տեղափոխվեց հիվանդասենյակ, արդեն ի վիճակի էր հաղորդում տալ, նա արդեն հաղորդում է ներկայացրել»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե կոնկրետ ո՞ւմ դեմ է բողոքել Սամվել Սարգսյանը` Գյումրու նախկին քաղաքապետի՞, թե՞ նրան ուղեկցող անձանց: «Նա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, թե ինչ է տեղի ունեցել և ներկայացրել է, որ բռնություն են գործադրել իր նկատմամբ և նաև նշել է, որ առնվազն կճանաչի այն առաջին անձին, ով առաջինը հարվածել է իրեն: Առաջին ու երկրորդ հարվածներն են պատճառել իրեն այդ ամենը: Ինչ վերաբերում է ընդհանուր քննությանը, չեմ կարող ասել ընթացքը, գիտեմ, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որով պետք է պարզել, թե ինչ մարմնական վնասվածքներ ունի Սամվել Սարգսյանը: Եվ չնայած նա մինչ օրս ունի մարմնական վնասվածք` համենայնդեպս ունի մեծ կապտուկ ծնկի շրջանում, մեզ չեն ծանոթացրել փորձագետի եզրակացությանը: Բայց մեր ունեցած տվյալների համաձայն, փորձագետը, կարծես թե, նշել է, թե նա ընդհանրապես մարմնական վնասվածք չունի: Դուք ինքներդ կարող եք համոզվել, որ մարմնական վնասվածքը դեռ երկու շաբաթ հետո կա, ինչը և բժշկական տեսակետից, դատաբժշկի համար շատ էական է, թե այդ մարմնական վնասվածքը ինչքան ժամանակում կարող է բուժվել: Ինքը չէր կարող գալ եզրակացության, եթե դեռ հայտնի չէ, թե այս մարմնական վնասվածքը, երբ պետք է բուժվի կամ վերջնականապես անձը կբուժվի, սա դեռ պարզ չէ, որովհետև անձը դեռ բուժման ընթացքի մեջ է գտնվում: Մեզ դեռևս չեն ծանոթացրել դատաբժշկի եզրակացությանը, երբ ծանոթացնեն, վստահ կլինեմ, որ իրականում նման ապօրինություն գոյություն ունի, մենք կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կպահանջենք», -ասաց փաստաբանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արման Ղարիբյան says:

    Առաջին օրվանից վստահ եմ եղել, որ էս միլիցա մարդը ստախոս է, էդ ընքան մարդ չտեսավ հա, որ իրան կպան, սուտ է խոսում, չեմ հավատում:Իրա միլիցական ֆիտշնտուֆլուշկեքն է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031