Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անզիջում հերթ` դատարանի 2-րդ դահլիճ մտնելու համար

Հուլիս 30,2013 19:38

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց պետության փողերը հափշտակելու մեջ մեղադրվող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրվում են Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, ով փախուստի մեջ է, ինչպես նաեւ Հ1 հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրը` Ռուբեն Մնացականյանը:

Նրանք մեղադրվում են ընդհանուր առմամբ պետությունից 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումարներ յուրացնելու մեջ: Գյումրեցի գրեթե բոլոր մահացածների հարազատներն ու թոշակառուները ակամա այս գործով վկա են: Նշենք սակայն, որ նրանցից շատերը դատարանի տեղն անգամ չգիտեին: Հերթ կանգնելով դատարանի 2-րդ դահլիճի դիմաց` վերջիններս սրտատրոփ սպասում էին, թե երբ են իրենց ներս կանչելու ու երբ են րոպե առաջ դատարանի շենքից դուրս գալու:

P3102319

«Միամիտ տեղներս էս ի՞նչ բերեցին գլխներիս»,- այսօր հերթում կանգնած մի կին դժգոհում էր մյուսներին: Նրանք նույն անկեղծությամբ էլ մտնում էին դատարան` զարմանալով, թե ինչպես են իրենց մեռած հարազատի կամ թեկուզեւ հենց իրենց անունով  երկրորդ անգամ թոշակ, մահվան գումար գրել ու կերել: Այսօր թոշակառու վկաներից մեկը` Ֆայիդ Աթոյանն ասաց, որ ինքը նախաքննական մարմնին ոչ մի բողոք էլ չի գրել, այլ քննիչը իր անունից ինչ ուզել գրել է: «Ես Հունաստանում եմ եղել, եկա Հունաստանից ու ընկա էս պատմության մեջ, տղայիս զոքանչն ասաց, որ իմ փոխարեն ինքն է թոշակս ստացել, թեեւ ես իրանց հետ չունեմ, բայց դե ասի փոքր էրեխեք կան մեջտեղ, իմ թոռներն են, լավ են արել, ստացել են»: Դատավոր Էդուարդ Մանուկյանը հետաքրքրվեց, թե 2008 թվականի հունիսին որտե՞ղ է եղել վկան, 2008, 2009 թվականներին իր անունով գրված թոշակը ստացե՞լ է: «Չգիտեմ», -ասաց վկան:

Դատավորը հիշեցրեց, որ նախաքննական մարմնին տված ցուցմունքում գրել է, որ չի ստացել: «Ես էդպիսի բան ոչ գրել եմ, ոչ էլ տեսել, ոչ էլ էդտեղ եղել եմ, ես հայերեն գրել անգամ չգիտեմ»,- շարունակեց վկան: Դատավորը դարձյալ հիշեցրեց, որ նրա հետ  նախաքննական մարմնում եղել է եղբայրը, վերջինս գրել է, որ վկային հարցաքննում են իր մասնակցությամբ: «Այ ցավդ տանեմ, իմ եղբայրը 20 տարի է մեռած է»:

Դատավորը նախաքննական ցուցմունքից կարդաց այդ տողը` համաձայն որի վկայի եղբայրն է եղել նրա հետ, սակայն պարզվեց, որ ոչ թե եղբայրը, այլ քույրն է ուղեկցել: Մեկ այլ վկա էլ` Էլմիրա Պողոսյանը նշեց, որ 2009 թվականի հունիսին ինքը թոշակ չի ստացել, իր անվան դիմաց գրած գումարից խաբար չէ, քանի որ Լենինգրադում է եղել: «Ես էստեղ չեմ եղել, անձնագիրս մոտս է, կարող եք ստուգել»,-նեղվեց վկան:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ահա և լիսկաբարո Հայաստանը: լիսկային հարցրեք, ով է ընկերը, ասեք ով է նա, և իր ոհմակը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031