Պարոն Տուբույեն Յագլանդին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար
Պարոն Էդվարդ Նալբանդյանին
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ
Կարդացեք նաև
Պարոն Անդրեաս Հերկելին
ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի նախագահ
Տիկին Թեոդորա Բակոյանիսին, Անդրեաս Գրոսսին և հանձնաժողովի անդամներին
Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտադիտարկում իրականացնող հանձնաժողովի համազեկուցողներ
Տիկին Թինա Ակետոֆին և հանձնաժողովի անդամներին
ԵԽԽՎ հավասարության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ
Պարոն Քրիստոֆեր Չոպին և հանձնաժողովի անդամներին
ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ
Պարոն Նիլս Մուզնիկսին
ԵԽԽՎ մարդու իրավունքներ հանձնակատար
Տիկին Եվա Սմիթին և բյուրոյի անդամներին
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի բյուրոյի ղեկավար
ԵԽԽՎ ազգային պատվիրակությունների ղեկավարներին
Հարգելի գործընկերներ,
Սույն նամակով տեղեկացնում եմ Ձեզ 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի մոտ՝ Նոր Մոսկվա քաղաքում, տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կալանավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ոտնահարված իրավունքների մասին:
Հրաչյա Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցող հետապնդումն ակնհայտ է դարձրել Ռուսաստանի Դաշնությունում տեղ գտած և օրեցօր մեծացող ռասիզմը և այլատյացությունը: Կասկածյալ Հրաչյա Հարությունյանը հիվանդանոցից դատարան է ներկայացվել կանացի հագուստով:
Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաալիքի` «Ռուսաստան 1», «Լուրեր» հաղորդաշարով տեսանյութ է թողարկվել (տես` https://www.youtube.com/watch?v=J2c6qrfbp-w#at=21) որտեղ ազգությամբ հայ տղամարդու նկատմամբ, նվաստացուցիչ պայմաններում, ոչ միայն անցկացվել է դատավարություն, այլև տեսանյութի հեղինակ` Օլգա Սկոբեևան նվաստացնող, վիրավորող, անմեղության կանխավարկածը խախտող մեկնաբանություններով է հանդես եկել՝ հատկապես շեշտադրում կատարելով տղամարդու ազգային պատկանելությանը: Բացի վերը նշվածից տեսանյութում Մոսկվայի քաղաքապետ` Սերգեյ Սոբիանինովը, հանդես է եկել հայտարարությամբ, որով սպառնացել է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցման քաղաքականություն կիրառել:
2013 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվել էր 18 մարդ, մի քանի տասնյակ մարդիկ ստացել էին տարբեր տեսակի վնասվածքներ: Հրաչյա Հարությունյանը, ով եղել է մասնավոր ընկերությանը պատկանող անսարք Կամազ բեռնատար ավտոմեքենայի վարորդը, նույնպես ստացել էր տարբեր մարմնական վնասվածքներ, առանց անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու, նա տեղափոխվել էր դատարան և անմիջապես կալանավորվել: Այս պահին նա գտնվում է Մոսկվայի «Մատրոսկայի տիշինա» մեկուսարանի հիվանդանոցային բաժնում:
Նման ողբերգական իրադարձություն հնարավոր է տեղի չունենար, եթե Ռուսաստանի Դաշնությունը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, չլիներ ամենակոռումպացված երկրներից մեկը:
Բոլորիս հայտնի է Ռուսաստանի Դաշնությունում տիրող համատարած կոռուպցիան, հայտնի են արդարադատության համակարգի արատները, բայց, երբ այս ամենին գումարվում է ռասիզմը և այլատյացությունը, ակնհայտ վտանգվում է ոչ միայն իրավունքի գերակայությունը, այլ նաև բազմազգ Ռուսաստանի Դաշնությունում այլ ազգի ներկայացուցիչների կյանքի և արժանապատվության իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ` ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի խախտված իրավունքների վերաբերյալ դեպքը և պահանջել Ռուսաստանի Դաշնության իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության կանչելու «Ռուսաստան 1» «Լուրեր» հաղորդաշարի լրագրող Օլգա Սկոբեևային և Մոսկվա քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբիանինովին` այլատյացության և ռասիզմի տարածման համար, իսկ իրավապահ մարմինների և բժշկական հաստատության ներկայացուցիչների նկատմամբ անհապաղ քննություն սկսել` Հրաչյա Հարությունյանի պատիվը և արժանապատվություն նվաստացնելու փաստով:
Հարգանոք`
Զարուհի Փոստանջյան
ԵԽԽՎ հավասարության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի մշտական անդամ
ԵԺԿ խմբակցություն/Հայաստան