ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, հուլիսի 30-ին, ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում, ամփոփեց նախարարության այս տարվա 1-ին կիսամյակի գործունեությունը:
Ներկայացնելով ընթացիկ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացմանն ուղղված գործընթացները` նախարար Թադևոսյանը տեղեկացրեց, որ 1-ին կիսամյակում, առաջնահերթությունը տալով դպրոցական շենքերին` գույքագրման եղանակով, հավաքագրվել, վերլուծվել, մշակվել, ընդհանրացվել և համակարգչային ծրագիր են մուտքագրվել 1000 բնակելի և հասարակական շենքերի վերաբերյալ անձնագրային տեխնիկական տվյալներ: Սկսած 2012 թվականից, համակարգչային ծրագիր են մուտքագրվել 2520, այդ թվում 418 դպրոցական շենքերի վերաբերյալ տվյալներ: Կառավարություն է ներկայացվել «Առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային և մարզական օբյեկտների ցանկերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթը:
Մարտին կառավարության որոշմամբ հավանության է արժանացել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: Նշյալ օրենքի նախագծի մշակման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի անդամների, ինչպես նաև բնագավառի մի շարք հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ, ընթանում են օրենքի նախագծի մշակման աշխատանքները: Ընդ որում, ի թիվս այլ նորմատիվ պահանջների, օրենքով նախատեսվում է սահմանել շինարարական աշխատանքների ապահովագրության, էներգախնայողության, ինչպես նաև որոշակի դեպքերում` քաղաքաշինական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ պարտադիր պայմաններ:
ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի որոշմամբ քաղաքաշինության նախարարությանը հատկացված մոտ 50 մլն դրամ գումարի շրջանակներում, 8 շինարարական նորմերի առաջնահերթ մշակման համար հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությունները, նախարարության համակարգմամբ, կիրականացնեն նախատեսվող աշխատանքները: ՀՀ վարչապետի 2012 թվականի փետրվարի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում մշակվում է շենքերի սեյսմակայունության ապահովման հայեցակարգը, որտեղ կհստակեցվեն նաև շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված մոտեցումները: «Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հետ կապված ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը գտնվում է մշակման փուլում:
Համայնքների թվով 49 գլխավոր հատակագծեր գտնվում են մշակման կամ փոփոխման տարբեր փուլերում, որոնցից 10-ը ստացել են միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացություններ և ներկայացվել համապատասխան ավագանիների հաստատմանը: Քաղաքային համայնքներից հաստատվել է Աշտարակի գլխավոր հատակագիծը, Ջերմուկի գլխավոր հատակագծի արմատական փոփոխության նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմինների համաձայնեցմանը, իսկ Վանաձորի նոր գլխավոր հատակագիծը վերջնամշակման փուլում է: Աշխատանքներ են տարվել նաև Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի լրամշակման ուղղությամբ, որը վերջերս հաստատվել է Կառավարության կողմից:
2013 թվականի ընթացքում մի շարք աշխատանքներ են իրականացվել նաև հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերից բխող` ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ուղղությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ