Ռուսական «V1» լրատվականը այսօր երկու լուր է հրապարակել` անդրադառնալով հայերի կատարած հանցագործություններին
Ըստ «V1»-ի, 34-ամյա հայը, որին հետապնդում էին բռնաբարության մեղադրանքով, 12 տարի անց վերադարձել է Վոլգոգրադ և հանձնվել ոստիկանությանը: Վոլգոգրադի ՆԳՆ-ից լրատվականին հայտնել են, որ տղամարդը, որի անունը չի նշվում, 2001թ. Ֆորլով քաղաքում իր երկու ընկերների հետ գիշերը գնացել էր իր ծանոթից ոգելից խմիչք ուզելու: Կինը չէր բացել դուռը, ինչից հետո «հյուրերը» ներխուժել էին տուն ու բռնաբարել կնոջը հյուրընկալված ընկերուհուն, այնուհետև փախուստի դիմել:
Երկու ընկերներին հաջողվել էր բռնել, իսկ հայը, ինչպես գրում է «V1»-ը, եկել էր Հայաստան, ծառայել բանակում, ընտանիք կազմել, երեխա ունեցել և միայն 12 տարի անց իմացել էր, որ գտնվում է դաշնային հետախուզման մեջ ու որոշել էր հանձնվել:
ՆԳՆ-ից Նիկոլայ Բելիկովը հայտնել է, որ այս պատմության հետ առնչություն ունեցող մարդկանց ճակատագրերը դժբախտ ավարտ են ունեցել: Տանտիրուհին մահացել է 2002թ.: Բռնաբարության համար դատապարտվածներից մեկը, ազատվելով բանտից, ինքնասպանություն է գործել, մյուսը` հոգեբուժարանում է, և միայն տուժողի մոտ է ամեն ինչ նորմալ:
Մեկ այլ լուրում «V1»-ը հայտնում է հայերի մասին, որոնք կեղծ գումար են տպել և իրացրել Վոլգոգրադում: Հայերի անունները կրկին չի նշվում: Ասվում է, որ Վոլգոգրադի ՆԳՆ-ից հայտնել են, որ հանցագործներն են Կրասնոoկտյաբրսկի բնակիչ 43-ամյա գործազուրկ մի հայուհ և Ռուսաստանում ապօրինի գտնվող 41-ամյա մի հայ տղամարդ:
Բացի «V1»-ից, առանց անունը նշելու հայի կատարած հանցագործության մասին է գրում նաև ռուսական «Նովի ռեգիոն 2» լրատվական գործակալությունը: Այս անգամ, ըստ նրանց, դեպքը տեղի է ունեցել Կիևում: Հայաստանի քաղաքացին, որն Ուկրաինայում էր ապրում առանց գրանցման, դանակահարել է երկու ուկրաինացի ուսանողների, որոնք խանութում նրան նկատողություն են արել, քանի որ նա իր դժգոհությունն է հայտնել դրամարկղի աշխատակցուհուց: Ըստ գործակալության՝ դատն արդեն ավարտվել է, նա պատժվել է 7 տարվա ազատազրկմամբ:
Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հրապարակումը հայ վարորդի բեռնատարի և տրամվայի բախման մասին, որտեղ հեղինակը, այդ միջադեպը կապելով հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի հետ, գրել է. «12,5 հազար ռուսներ լրագրող Օլգա Սկաբաևայից («Ռոսիա 1» հեռուստակայանի լրագրողը իր նյութում հայ վարորդի` Հրաչյա Հարությունյանի մասին անհարգալից էր արտահայտվել) պահանջում են հրապարակավ ներողություն խնդրել Հարությունյանից: Գուցե արժե ներողություն խնդրել ուղիղ եթերում, որպեսզի կրկին հիշեցվի այդ ողբերգությունը, թե չէ վերջերս ռուսաստանցի դարձածների հիշողությունը, որոնք «արդեն անձնագիր ունեն», ցավոք շատ կարճ է (միջադեպից հետո հայ վարորդը պնդել էր, որ արդեն ռուսաստանցի է և կարող է անձնագիրը ցույց տալ)», ակամայից մտածում ես՝ արդյո՞ք սա Հայաստանին հայտարարված տեղեկատվական պատերազմ չէ, որը պարտադիր չէ, որ ռուսական շրջանակներում սկսած լինեն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ