Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Նազարյանի ենթադրյալ ինքնասպանության գործով մեղադրողը ակնհայտ անհարգալից է տուժողի իրավահաջորդների նկատմամբ

Հուլիս 30,2013 17:48

0724 0723 0727ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի ենթադրյալ ինքնասպանության գործով վերաքննիչ բողոքների քննությունը:

Բողոք են բերել ոչ միայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ծովինար Նազարյանը, նրա ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, այլեւ ամբաստանյալներ Հակոբ Մանուկյանը,Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը, Մխիթար Մխիթարյանը, Հարութիկ Կիրակոսյանն ու նրանց պաշտպանները:
Նախ, մինչ դատական քննությանն անդրադառնալը, տեղեկացնեմ, որ այս դատարանում երեկ միջադեպ էր տեղի ունեցել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ծովինար Նազարյանի եւ դատական կարգադրիչի միջեւ:
Միջամտել էր անգամ տեղի դատական կարգադրիչների պատասխանատուն:
Այսօր, թվում էր, վիճակը այլ կլինի: Փորձ արվեց ստուգել Ծովինար Նազարյանի պայուսակը, ինչը չարվեց մեղադրանքը պաշտպանած զինվորական դատախազ Հարություն Հարությունյանի նկատմամբ: Սա այն դեպքում, երբ երկուսն էլ դատավարության կողմեր են, ընդ որում՝ մեղադրական կողմեր:
Այս անհավասարությունը շարունակվեց նաեւ դատական քննության ընթացքում, երբ մեղադրանքի կողմի միջեւ հակասություններն այնքան խորացան, որ մեղադրողն իր առարկությունները համեմեց վիրավորական դատողություններով, անհարգալից արտահայտություններով:
Դատախազը «չխնայեց» անգամ ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպաններին, որոնք դատական քննության ընթացքում իրենց միջնորդություններով պաշտպանել են տուժողի իրավահաջորդներին: Ըստ դատախազի. «Գուցե այսօրվա շահերը համընկնում են, թող այն պահպանվի որպես փաստաբանական գաղտնիք»;
Մեղադրողը հեռուն գնաց, երբ, անդրադառնալով Արտակ Նազարյանի մոտ հայտնաբերված մեկ փամփուշտի առկայությանը, ասաց.«Մեկ փամփուշտի մասին կարող է պատասխան տալ միայն Արտակը»: Դա էր պատճառը, որ որդեկուրոյս տիկին Հասմիկը դատախազին ուղղեց «Փչացած» բառը:
Հ.Հարությունյանը անհեթեթ համարեց բողոքաբերների բողոքը, մեղադրեց բողոքաբերներին՝ գործի նյութերին չտիրապետելու մեջ:
Անդրադարձավ ենթադրյալ ինքնասպանությունը կատարած Արտակ Նազարյանի մոտից հայտնաբերված նամակին, փորձագիտական եզրակացություններին, «Ղոզլու» մարտական հենակետում այդ օրը ծառայած զինվորների կարգապահական խախտման համար հրամաններին:
Բողոքաբեր կողմը շեշտել էր, որ Արտակ Նազարյանի գործով 14 զինվոր 32 ցուցմունք է տվել, նրանք գտնվել են անազատության մեջ, իսկ մեղադրողի կարծիքով, կարգապահական տույժի ենթարկելը իրավախախտում չի եղել:
Կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն անգամ հայտնեց, որ կարգապահական տույժի է ենթարկվել զինվորական երդում չտված անձնավորությունը եւս:
Դատախազը բողոքաբերների գործողությունները գնահատեց, ասելով, որ դատարանում ճնշումներ են եղել անգամ ամբաստանյալների վրա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031