Լրահոս
Օրվա լրահոսը

Արդիականացման ծրագիր՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում

Հուլիս 30,2013 16:31

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այցելել են Էրեբունի հնավայր, որտեղ ավարտվել են հայ-ֆրանսիական հնագիտական խմբի իրականացրած պեղումների 6-րդ փուլի աշխատանքները։ Դրանց արդյունքում բացվել է Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ պալատի պահպանված մասը, որը թվագրվում է Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսերից 6-րդ դարասկիզբ։
Արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպն այցելուներին է ներկայացրել Երևանի պատմության ամենավաղ շրջաններից մեկի հնագիտական պատկերը։
«Միգուցե դուք այս պահին Երևանի ամենահին փողոցում եք։ Պեղումների այս փուլի շնորհիվ մենք կարողացանք գտնել շատ կարևոր մի հարցի պատասխան. այո, Ուրարտուի կործանումից հետո մինչ Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանը այս բերդաքաղաքում կյանքը շարունակվել է։ Արդյունքների հիման վրա կարողանում ենք նաև ենթադրել, որ այդ ընթացքում քաղաքն ամենայն հավանականությամբ ուժեղ երկրաշարժից բավականին տուժել է։ Ինչևէ, այս պեղումներից հետո մենք պետք է սերտորեն համագործակցենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ և միասին մտածենք, թե ինչպես Էրեբունին առավել մատչելի ու ըմբռնելի դարձնենք լայն հանրությանը՝ այդ թվում նաև՝ Երևանի հյուրերին»,- նշել է արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպը։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Էրեբունի բերդաքաղաքն արդի, նորարարական միջոցներով ներկայանալի դարձնելու Երևանի քաղաքապետարանի ծրագիրը։
«Մեկ տարի առաջ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, հանդես եկավ հետաքրքիր այս նախաձեռնությամբ՝ «Էրեբունի» հնագիտական ամրոցի միջնաբերդում ստեղծել մի միջավայր, որը, բացի պատմականությունը, կունենա նաև մատուցման նորարարական մոտեցումներ։ Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում՝ մեծ մասը շարժական հնարքներով։ Հանդիպակաց բլրին՝ արգելոցի բուն սահմաններից դուրս, կառուցվելու է ամֆիթատրոն, որտեղից որոշակի օրերի երեկոյան ժամերին հնարավոր է լինելու դիտել քաղաքի պատմության մասին լուսաձայնային եռաչափ ներկայացումներ։ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է գործընկերների, ներդրողների հետ ձեռնամուխ լինելու այս մեծածավալ նախաձեռնության իրականացմանը, որով Էրեբունին ավելի ներկայանալի կլինի մեր քաղաքացիների ու մեր մայրաքաղաքի հյուրերի համար»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031