Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց պետք էր ոչ թե ահաբեկել, այլ հորդորել». «100 ես տվե՞լ, արի գրկեմ» ակցիայի հեղինակ

Հուլիս 30,2013 16:29

«100 ես տվե՞լ, արի գրկեմ». սա քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ամենահաջողված ձեւերից էր, որը և՛ ջերմացրեց և՛ միավորեց հայ երիտասարդությանը:
Վճարե՞լ ես 100 դրամ, արժանի ես գրկախառնության, մտքի հեղինակը Լաուրա Սամվելյանն է: Պատմում է, որ տրանսպորտի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաները հենց սկզբից էլ աչքի էին ընկնում շատ ագրեսիվ վերաբերմունքով և տեղի էին տալիս թե՛ վարորդների, և թե ուղևորների նյարդերը:

«Դա հանգեցնում էր ավելորդ նյարդայնության, մենք վախենում էինք, որ պայքարի այդօրինակ միջոցը կարող էր վթարների և անօրինական քայլերի հանգեցնել,- ասում է  Լաուրան,- և ինչպես գիտենք՝ ագրեսիան հարց լուծելու լավագույն մեթոդը չէ: Մարդկանց պետք էր  ոչ թե ահաբեկել, այլ հորդորել: Դա քաղաքակիրթ պայքարի ձևերից մեկն է: Ի վերջո եկանք այն համոզմանը, որ լավ արարքի համար խրախուսելը ավելի էֆեկտիվ կլինի, և գործի անցանք: Մտածեցինք՝ ինչո՞վ կարելի է ոգևորել և՛ ակտիվիստներին, ովքեր առավոտից ուշ գիշեր փողոցներում պայքարում էին, և՛  նրանց, ովքեր հետևում էին նրանց և հարյուր դրամ վճարում»:
Իսկ ի՞նչը կարող է ավելի համոզիչ լինել, քան «Արի գրկեմը». կարծում  է գաղափարի հեղինակը: Ասում է՝  դրա մեջ կար և՛ մայրական ջերմություն, և՛ քույրական քնքշանք, և՛ եղբայրական հոգատարություն: Իսկ այն, որ մեր հասարակությունը դրա կարիքն ուներ, միանշանակ էր:

Առաջինը գրկախառնությունը փոխհատուցվեց մեկ դեղձով 🙂

Լաուրան պատմում է, որ ամենասկզբում գրկախառնվել են մի տատիկի հետ, ով իր շնորհակալությունը մեկ դեղձով է հայտնել: «Մեր հաղորդագրությունը տեսնողներից առաջինը մի տատիկ էր: Նա սկզբում մի քանի վայրկյան նայեց պաստառին, հետո տոպրակից հանեց մեկ հատ դեղձ, տեսավ, որ շատ ենք ու մի հատը չի հերիքի, իր նուրբ ձեռքերով դեղձը կիսեց երկու մասի, մեզ տվեց: Դա էլ իր շնորհակալությունն էր: Այդ պահին ուրիշ բան չուներ տալու: Կարող է՝ իր օրվա դեղձն էր, այն էլ մեզ տվեց և հետո ավելացրեց «Ապրե’ք, էրեխեքս: Ապրե’ք, ձեր հոգուն մեռնեմ»:
Ոնց չվերցնեի դեղձը, եթե այդքան սրտանց էր տալիս,- ասում է աղջիկը,- և ոնց դրանից հետո ավելի չոգևորվեի»:
Սակայն արի ու տես, որ գրկախառնվելու գաղափարը միայն դրական արձագանքներ չգրանցեց:
«Կային թե դրական մեկնաբանություններ, որոնք քաջալերում էին մեզ,- ասում է Լաուրան,-բայց և բացասական մեկնաբանությունների էլ հանդիպեցինք: Տարբեր մարդիկ իրենց մեկնաբանություններում գրում էին, թե իբր ամռան շոգին գրկախառնվելը հակահիգիենիկ է: Մեկը նույնիսկ գրել էր, որ «հետո ազգովի պետք է խիմչիստկա գնանք»: Սակայն ոգրևորիչը այն էր, որ անցորդները հաղորդակցությունը կարդալիս սովորաբար ժպտում էին, իսկ  ոմանք ուղղակի նետվում էին գրկախառնվելու»:

Ըստ  «վիճակագրական տվյալների»՝ ամենից հաճույքով գրկախառնվում էին տատիկներն ու երեխաները, իսկ երիտասարդ տղաները շատ հաճախ ամաչում էին 🙂

Շատ երիտասարդներ ցանկանում են, որ Հուլիսի 25-ը օրացույցի մեջ իր տեղը գտնի, Լաուրան նույնպես այդ մասին իր կարծիքն ունի. «Իհարկե շատ հաճելի կլինի այդպիսի տոն ունենալ Հայաստանում, ինչը լավ առիթ է ևս մեկ անգամ գրկախառնվելու համար 🙂 ,- զրույցը եզրափակեց «100 ես տվե՞լ, արի գրկեմ»-ի հեղինակը:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

PrevPhoto
NextPhoto

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031