Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նստացույցի մասնակիցներին երեխաները փրկօղակներ են բերել (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 30,2013 14:56
PrevPhoto
NextPhoto

Արդեն 5-րդ օրն է՝ երիտասարդները պահանջում են Հենրիկ Նավասարդյանի եւ Միսակ Համբարձումյանի հրաժարականը

Այսօր առավոտյան Երեւանի քաղաքապետարանի դիմացի գազոններին մի քանի փրկօղակներ էին հայտնվել: Դրանք քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդ-ակտիվիստներին նվիրել էին երեխաները` ի նշան քաղաքապետարանի դեմ բողոքի, որը, ըստ նստացույցի մասնակիցների, գազոնները ջրելու պատրվակով, շուրջօրյա միացնում է ոռոգման համակարգը: Մինչդեռ երիտասարդ ցուցարարները համոզված են, որ իրենց ակցիան խոչընդոտելու նպատակով է դա արվում:
«Որ ջրերը միացնում են, ճնշումն այնքան ուժեղ է լինում, որ ամբողջ մայթին անգամ լճակներ են գոյանում, դրա համար էլ երեխաներն իրենց «կամերները» բերել են, որ ցույց տան՝ ինչ էլ որ անեն, նահանջողը չենք»,-մեզ հետ զրույցում ասաց նստացույց անող ակտիվիստներին սատարելու եկած մի կին:
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւան տրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը պահանջող նստացույց անող երիտասարդները Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին, որ այս գիշերն ավելի խաղաղ է անցել, Կոմայգու մարմնավաճառները չեն այցելել, քաղաքապետարանի ջրերն անջատված են եղել, փողոցի լույերն էլ, ինչպես շաբաթ-կիրակի օրերին, չեն անջատվել:
Երիտասարդների ակցիան հսկում էին մոտ 15 ոստիկան, որոնք շրջափակել էին քաղաքապետարանի աստիճանները եւ նստացույցի մասնակիցներին հետեւում էին աստիճանների վրայից: Մեր հարցին, թե քաղաքապետարանից այս 5 օրերի ընթացքում արձագանքե՞լ են ակտիվիստներին եւ փորձել են բանակցել, նստացույցի մասնակից Վահագն Մինասյանն ասաց, որ վերջին անգամ հուլիսի 26-ին է մի պաշտոնյա իջել եւ առաջարկել նստել սեղանի շուրջ ու խոսել, սակայն երիտասարդների հետ այդպես էլ լեզու չի գտել: Այդ օրվանից ի վեր որեւէ մեկը նրանց լսելու չի եկել: Սակայն գազոնները ոռոգելու մասով, կարծես թե երիտասարդները քաղաքապետարանի հետ ընդհանուր հայտարարի են եկել: Մեզ հետ զրույցում Վահագն Մինասյանն ասաց, որ քաղաքապետարանի ոստիկանների միջոցով իրենց փոխանցել են առաջարկել երիտասարդներին հարմար ժամեր` գազոնները ջրելու համար. «Մենք ասացինք, որ հարմար է առավոտյան ժամը 8-10-ը ջրեն եւ երեկոյան 5-7-ը»:
Մեր այն հարցին էլ, թե որքան ժամանակ են դեռ պատրաստվում շարունակել բողոքի ակցիան, Վ. Մինասյանն ասաց` մինչեւ որ մեր պահանջները չբավարարվեն: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031