Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գալուստ Սահակյանը քրեաօլիգարխիկ տարրին հատուկ հայտարարություն է արել»

Հուլիս 30,2013 14:19

Ասում են քաղաքապետարանի մոտ նստացույց անող քաղաքացիական ակտիվիստները

Արդեն 4-րդ օրը Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդներից Վահագն Մինասյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստիպված կլինի կատարել իրենց պահանջը՝ պաշտոնանկ անել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւան Տրանսի» տնօրեն Միսակ Համբարձումյանին. «Որովհետեւ այդ պահանջը օրինական է եւ բարոյական. քրեական բարքերի ու վարքի տեր նշված երկու անձինք իրավունք չունեն մասնակցելու հանրությանը վերաբերող որոշումներին եւ դրանց իրականացմանը»:

«Առավոտի» այն հարցին էլ՝ չե՞ք կարծում, որ ԱԺ պատգամավոր  Գալուստ Սահականի օրերս արած՝ «իշխանությունները եթե ուզեն, մեկ օրում կմարեն շարժումը» արտահայտությունը սպառնալիք է, եւ հնարավոր է՝ իրականացնեն, Վահագն Մինասյանը պատասխանեց. «Դրա մեջ, իհարկե, հաղորդագրություն կար, քանի որ հանցավոր խմբակցության անդամ է՝ ի դեմս ՀՀԿ-ի, նրանց կողմից ցանկացած նման արտահայտության, ելույթի մեջ ես միտում եմ տեսնում: Քրեաօլիգարխիկ ռեժիմին բնորոշ է փորձել մարել ցանկացած պայքարի օջախ, շարժում: Այդ շարժումները փորձում են մարել սադրանքների, բախումներ առաջացնելու միջոցով, հոգեբանական տեսանկյունով, քրեական տարրեր օգտագործելով: Նման միտում տեսել եմ, բայց վերաբերվել եմ ծիծաղով: Ես վստահ եմ՝ ոչինչ չի կարող հանրությանը կանգնեցնել, եթե նրանք միասնական են: Վերջին օրերի իրադարձությունները մեր քաղաքում բոլորիս ցույց տվեցին, որ կարող ենք լինել միասնական՝ անկախ գաղափարական եւ կուսակցական պատկանելությունից, կարող ենք համախմբվել կոնկրետ խնդրի շուրջ ու լուծում տալ»:

Վահագնը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրեն լավ է զգում. «Եթե կա նպատակ՝ հարմարություններն ու այլ խնդիրները միլիարդերորդական են»:

Այսօր առավոտյան նստացույց անող երեք երիտասարդների համար փոքրիկ աթոռներ են բերել, մեր այցելության ժամանակ էլ Վահագնին էր մոտեցել մի երիտասարդ եւ իր աջակցությունն էր առաջարկում՝ «Ի՞նչ է պետք, ասա՛, կբերենք»: Իսկ Վահագնը հրաժարվեց՝ պնդելով, որ ոչնչի կարիք չունի:

Երեկ կեսօրից հետո մեր այցելության ժամանակ քաղաքապետարանը գազոնները ոռոգող համակարգն անջատել էր (այդ համակարգը քաղաքապետարանը չէր անջատում երկու օր շարունակ, ինչի արդյունքում տարածքը ճահճի էր նմանվել), իսկ քաղաքապետարանի երկու պաշտոնյաների նկարներով պաստառները երիտասարդները ցնցուղի վրա են տեղադրել, որպեսզի ջրի շիթը փակեն: Վահագնի պատմելով՝ «Հուլիսի 26-ից հետո մի պաշտոնյա դուրս եկավ քաղաքապետարանից՝ պահանջելով, որ պաստառները վերցնենք ցնցուղի վրայից, ես հրաժարվեցի կատարել, քանի որ ես պահանջել էի ջրի շիթերը կարգավորեն, որպեսզի չխոչընդոտի քաղաքացիների ազատ տեղաշարժին, իմ պահանջը չի կատարվել, ուստի մենք էլ պաստառները չվերցրինք»:

Ինչպես միշտ, այսօր էլ քաղաքապետարանի մուտքի մոտ մեկ տասնյակի չափ ոստիկաններ էին հսկում եւ պահպանում շենքը, իսկ նստացույցի մասնակիցները վստահեցրին՝ մնալու են այնքան, մինչեւ իրենց պահանջը կատարվի՝ պաշտոնանկ անեն 2 պաշտոնյաներին:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031