Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կինն իրեն պիտի զոհի ընտանիքի համար»

Հուլիս 30,2013 14:16

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ստրկության գծով հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանը ամիսներ առաջ մասնակցել է «Վիեննա + 20. առաջ տանելով և պաշտպանելով մարդու իրավունքները» համաժողովին, որն առաջին անգամ կազմակերպվել էր 20 տարի առաջ: 
Համաշխարհային համաժողովին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 փորձագետներ, որոնք աշխատանքային երեք խմբերում քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ: Առաջին աշխատանքային խմբում խոսվել է պաշտպանության հասանելիության, պաշտպանության մեխանիզմների արդյունավետ աշխատանքի մասին: Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին: Այս առիթով Տիկին Շահինյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետները բազում խոչընդոտների առաջ են կանգնում: Նա մասնավորապես շեշտեց Ռուսաստանը, այնուհետև անդրադարձավ Ադրբեջանում գրանցված միջադեպին. «Մի քանի օր առաջ ՄԱԿ-ում իմ ադրբեջանցի գործընկերոջը, իրենց վարչապետի` թրաֆիքինգին վերաբերող զեկույցը քննադատելուց հետո իր բնակարանի շենքի մուտքում սպառնացել են, թե կվնասեն իր երեխաներին ու ծնողներին»: Անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե ինչքանով կարող են ուժեղացնել ՄԱԿ-ի կոնվենցիաները, քանի որ կոնվենցիաները կան, բայց կարծես թե մարդու իրավունքները շատ առաջ չեն գնացել: Առաջարկվել է նոր մեխանիզմ ստեղծել՝ համաշխարհային դատարան, որին ուղիղ, առանց վախի դիմեն անձինք:
Երկրորդ աշխատանքային խումբն անդրադարձել է կանանց անիրավահասար լինելուն, նրանց դեմ բռնության ֆենոմենին, այն խոչընդոտներին, որոնք կանանց խանգարում են պաշտոններ ստանալ և զբաղվել քաղաքականությամբ:
Աշխատանքային երրորդ խմբում անդրադարձել են հազարամյակի մարտահրավերներին: Փորձագետներն այս առիթով կարևորել են այն, որ ծրագրի կենտրոնում լինի մարդը: Գ. Շահինյանը տեղեկացրեց, որ ամփոփովել են երեք խմբի արդյունքները, որոնք ուղարկվելու են Մարդու իրավունքների խորհուրդ:
Հետաքրքրվեցինք` կանանց դեմ բռնությունների և խտրականությունների խնդիրը ո՞ր երկրներում է ավելի սրված: Գ. Շահինյանը պատասխանեց. «Խնդիրը գերիշխող է հատկապես աֆրիկյան և ասիական երկրներում: Օրինակ` Մադագասկարում ծնվելուց աղջիկները փաստաթուղթ չեն ունենում, ինչը նշանակում է, որ նրանց առաջ կրթության, այլ բնագավառների բոլոր ճանապարհները ի սկզբանե փակ են: Կամ գերիշխող է այն հոգեբանությունը, որ կինն իրեն պիտի զոհի ընտանիքի համար: Չկա մի երկիր, որտեղ չլինի կանանց դեմ խտրականություն»:
ՀՀ-ում իրավիճակը գնահատելով` տիկին Շահինյանը կողմ արտահայտվեց, որ շրջանառության մեջ դրվի «Տնային բռնության մասին» օրենքը: Փորձագետը չի կարծում, թե «բոլոր տղամարդիկ ծեծող ու ջարդող են», ուղղակի գոյություն ունի վախ` կորցնելու այն ազդեցութունը, որ ունեն տղամարդիկ.«Չէ՞ որ սովոր ենք, որ տղամարդն է հաց բերողը»:
Ըստ Գ. Շահինյանի` «Երբ գոյատևելու խնդիր կա, տղամարդն ու կինը հավասար գործ են անում, ուստի հավասար են, բայց հենց սկսում են մի քիչ ավելի շատ գումար ունենալ, կարծրատիպերը սկսում են գործել»: Տիկին Շահինյանը կարծում է, որ շատ դեպքերում ազատությունները մակերեսային են ընկալվում, առանց խորը ուսումնասիրության, թե որտեղ կարելի է կիրառել, որ ավելի լավ արդյունք տա: Նա օրինակ բերեց վերջերս մեծ աղմուկ բարձրացած հարսի ու սկեսուրի դատական գործը ու նկատեց. «Մեր կազմակերպությունը դեմ էր, որ դատախազության առաջ կանգնեին ու ասեին, որ դա տնային բռնության օրինակ է: Դա դասական թրաֆիքինգ էր, երբ սկեսուրը հարսին շահագործում, ուղարկում էր աշխատանքի ու գումարը վերցնում: Երբ ասում ես, որ դա տնային բռնություն է, ապա բախվում ենք այն իրականությանը, որ չունենք օրենք, ուստի սխալ մեսիջ ես տալիս: Մենք փորձեցինք աղջիկներին բացատրել, որ նախքան վազելը ոստիկանություն պիտի խորը ուսումնասիրեն ու ավելի արդյունավետ ճանապարհներ գտնեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031