Լրահոս
Օրվա լրահոսը

100 դրամ ես վճարել՝ արի գրկեմ

Հուլիս 30,2013 14:13

Չլիներ «Արի տունը»՝ չէի գա Հայաստան: Իսկ եթե չգայի Հայաստան, երբեք չէի իմանա, թե ինչպես են այնտեղ ինձ սիրում:

Անցած շաբաթ, հետեւելով Հրանուշ Հակոբյանի հորդորին, եկա տուն: Տանն ինձ գրկաբաց ընդունեցին՝ բառիս բուն իմաստով: Հազիվ էի հասել Երեւանի կենտրոն, երբ մի գեղեցիկ աղջիկ մոտեցավ ու ասաց՝ «Արի քեզ գրկեմ»: Ես, իհարկե, գիտեի, որ Հայաստանում սփյուռքահայերին շատ են սիրում, բայց որ այդքան շատ… Տեսնելով, որ ապշած եմ բազմաչարչար հայրենիքիս նման հյուրընկալ վերաբերմունքից, աղջիկը անմիջապես էլ բացատրեց՝ «Որովհետեւ 100 դրամ ես տվել»… Ավելի շատ ապշեցի՝  Երեւանում որտեղից ամեն պատահական անցորդ գիտի, որ նոյեմբերյան թելեթոնի ժամանակ 25 սենթ եմ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ընդ որում այն ժամանակ դա 100 դրամ էլ չէր անում:

Հետո հա գալիս ու գալիս էին, հա գրկում ու գրկում էին: Հուզմունքից աչքերս լցվեցին՝ լսել էի, որ հայաստանցիները շատ երախտապարտ են, բայց ոչ ոք ինձ չէր զգուշացրել, որ 25 սենթի համար մարդիկ այստեղ կարող են քեզ այսպես սիրել: Մտածեցի՝ բա որ 150 դրամ տված լինեի: Եվ այդ պահին, կարծես կարդալով մտքերս,  ինչ որ մեկը մոտեցավ ու հարցրեց՝ «Հո 150 դրամ չե՞ս տվել»: Հայրիկս ինձ միշտ ասել էր, որ երբեք սուտ չասեմ, ու ես համեստորեն խոստովանեցի՝ «Չէ, 100 դրամ եմ տվել»: Տեսնեիք որքան ուրախացավ այդ մարդն իմ անկեղծությունից՝ գրկել ու բաց չէր թողնում: Հասկացա, որ Հայաստանում գնահատել գիտեն ոչ միայն բարեգործությունը, այլեւ անկեղծությունը: Ու անմիջապես սիրեցի հայրենիքս:

Բայց ամենամեծ անակնկալներն առջեւում էին: Օպերայի մոտ մեքենայի մեջ տեսա մի ծանոթ դեմք՝ «Վիտամինի» Գարիկն էր: Միանգամից ասաց՝ «Նստիր տանեմ»: Ապշեցի՝ ես իրեն հեռուստացույցով հազար անգամ տեսել էի, բայց ինքը ինձ որտեղից է ճանաչում: Չլինի թե «Հայաստան» հիմնադրամին 25 սենթ վճարողների լուսանկարներն էլ են Երեւանում տարածվում: Նստեցի: Ասաց՝ «Ես Բանգլադեշ եմ գնում»: Մի քիչ զարմացա, իհարկե, որ «Վիտամինին» արդեն Բանգլադեշ էլ են հրավիրում հյուրախաղերի, հարցրեցի՝ «Մեքենայո՞վ ենք գնալու»: Ժպտաց՝ «Բա մեքենայով ենք գնում, որպեսզի երթուղային չնստենք»: Էլի ուրախացա հայրենիքիս համար՝ չգիտեի, որ Հայաստանից Բանգլադեշ արդեն երթուղային գիծ են անցկացրել:

Գարիկը, ինչպես եւ սպասում էի իսկական վիտամինականից, կատակասեր դուրս եկավ՝ հեռավոր Բանգլադեշի փոխարեն իջեցրեց ինձ Երեւանի ինչ-որ անծանոթ արվարձանում, որտեղ շոգից ու շաուրմայի հոտից շշմած շներ էին թափառում: Արդեն պատրաստվում էի մի փոքր չսիրել հայրենիքս, բայց այդ պահին եւս մի անակնկալ՝ կողքիս մի մեքենա կանգնեց, որի ղեկին նստած էր, երբեք չեք հավատա… Վարդան Պետրոսյանը: «Արի տանեմ»: Քանի տարի է ապրում եմ Բեվերլի Հիլզի մոտակայքում, բայց կյանքումս ոչ մի անգամ չեմ տեսել, որ Հոլիվուդի աստղը փողոցում կանգնեցնի ավտոմեքենան ու պատահական անցորդին ասի՝ «Արի տանեմ»: Հայրենիքս չսիրելու անբարոյական մտադրությունն անմիջապես անհետացավ: Հակառակը՝ ավելի ու ավելի սիրեցի հայաստանցիներին ու նրանց աստղերին, երբ ճանապարհին Վարդան Պետրոսյանը պատմեց, թե օրերս ներկայացում է տալու, եւ երկու տոմս նվիրեց: Անկեղծորեն ասացի՝ «Բայց ես մենակ եմ», իսկ ինքը միայն ժպտաց՝ «Այս օրերին Երեւանում ոչ ոք մենակ չի»…

Կարծես Նոստրադամուսը լիներ… Հենց հասանք օպերա ու իջա Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայից, բոլորը սկսեցին ծափահարել, թափվեցին վրաս, սկսեցին գրկել, կարծես Վարդան Պետրոսյանը ես լինեի: Ախր ինչպես են Երեւանից Լոս Անջելես եկած հայաստանցիները պատմում, թե դժոխքից են պրծել, բա էլ դրախտը որն է, երբ հենց հասնում ես Երեանի կենտրոն, քեզ բոլորը գրկում ու համբուրում են, եւ ամենուր այնպիսի համաժողովրդական ցնծություն է տիրում, կարծես Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի, լավ՝ առնվազն Եվրոպայի չեմպիոն է դարձել կամ միաժամանակ նախաստորագրվել են Եվրամիության եւ Եվրասիական միության հետ ասոցացման համաձայնագրերը…

Ու մոտեցավ մի աղջիկ՝ Ալանիս Մորիսեթի աչքերով, եւ ասաց՝ «Կարելի՞ է ձեզ գրկել»… Ինչ-որ բան կատարվեց հետս, ասացի՝ «Գոնե անունդ ասա, որ իմանամ՝ ով է ինձ գրկել»… Նա ժպտաց անմահական ժպիտով՝ «Սոնա»… Ես էլ պահը չկորցրեցի ու վրա տվեցի՝ «Վարդան Պետրոսյանի ներկայացման երկու տոմս ունեմ, կգա՞ս»… Սոնա Մորիսեթը ի զարմանս ինձ միանգամից էլ համաձայնեց՝ «Իհարկե, կգամ, Վարդան Պետրոսյանը մերոնցից է»… Չխորացա, թե ինչու է Վարդան Պետրոսյանը մորիսեթցի, կարեւորը որ համաձայնել էր, նույնիսկ «Սամսունգի» համարը տվեց…

Մյուս օրը զանգահարեցի, բայց ասաց զբաղված եմ՝ տորթ ենք տանում քաղաքապետին… Էլի ուրախացա հայաստանցիների համար, որ իրենց տեղական ղեկավարներին այդպես բարեհամբույր են վերաբերվում, թխվածք են պատրաստում հատուկ նրանց համար:  Մեր, կալիֆորնիացիներիս, մտքով էլ չէր անցել գոնե կարտոֆիլով կարկանդակ նվիրել մեր նահանգապետին՝ նույնիսկ երբ այդ նահանգապետը Առնոլդ Շվարցենեգերն էր:

Հաջորդ օրն էլ զանգահարեցի Սոնային, բայց էլի զբաղված էր, ասաց՝ հիմա էլ գնում ենք պահանջելու քաղաքապետի հրաժարականը: Էլի զարմացա, բայց հետո մտածեցի՝ ախր մենք, սփյուռքահայերս, շատ ենք հեռացել հայրենիքից, լրիվ կապը կտրել ենք, ծանոթ չենք հայաստանցիների ավանդույթներին… Ես, օրինակ, չգիտեի էլ, որ քաղաքապետի հրաժարականը պահանջելուց առաջ այստեղ ընդունված է անպայման տորթ նվիրել նրան…

Ի վերջո հանդիպեցի Մորիսեթիս հետ: Չդիմացա, սկսեցի պատմել հայաստանյան տպավորություններս: Ու հանկարծ զգացի, որ որքան ավելի եմ գովաբանում հայաստանյան իրականությունը, այնքան Ալանիսը ավելի ու ավելի է լարվում… Ու անսպասելիորեն հարցրեց՝ «Դու հո հանրապետական չե՞ս»… Տեղում քարացա՝ լավ, այն, որ «Հյուսիս-հարավ» ռազմավարական ճանապարհի շինարարության համար 25 սենթ եմ նվիրել, դրա մասին վազող տողով թելեթոնի օրը հեռուստաէկրանին գրվել է, բայց որտեղից են Հայաստանում իմանում, որ անցած տարի ակտիվորեն մասնակցել եմ Միթ Ռոմնիի նախագահական քարոզարշավին… Անկեղծորեն խոստովանեցի, որ հանրապետական եմ… Սոնան ավելի մռայլվեց՝ «Իսկ միգուցե նաեւ ուսխորհրդի նախագա՞հ ես»: Ինչ ասես սպասում էի հայաստանցիներից, բայց որ տեղյակ լինեն նաեւ, որ ես ղեկավարում եմ UCLA-ի ուսանողական կազմակերպությունը… Ախր դրա համար պիտի Ջուլիան Ասանժի, լավ՝ առնվազն Էդուարդ Սնոուդենի չափ տեղեկացված լինես…

Երեսիս շպրտեց՝ «Սուտ ես ասում՝ դու 100 դրամ չես վճարել»  ու գնաց…

Հիմա վերադարձել եմ Ամերիկա ու մտածում եմ՝ ախր ինչու այդպես ստացվեց, չէ որ անկեղծորեն ասել էի, որ 100 դրամ եմ վճարել: Շատ լավ հիշում եմ՝ Շրջանայինում տրոլեյբուսից իջնելիս հատուկ հարցրեցի վարորդին՝ ինչ պիտի վճարեմ: Ու նա պատասխանեց՝ «Է, տղա ջան, հիմա արդեն 100 է դարձել»: Ինչքան ուզեց, այնքան էլ տվեցի… Լավ, ինչու Սոնան չհավատաց, որ 100 եմ տվել…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ապրի Արմեն Դուլյանը: Շուտով աշխատանք կառաջարկեն <> հաղորդաշարից: Իր հեքիաթ պատմելու առոգանությամբ հիանալի կվարի այն:

  2. Փիրուզ says:

    Բրավո պարոն Արմեն Դուլյան: Շատ թարմ ու նորովի մոտեցում էր մեր հին “ցավերին”: Մի լավ ծիծաղեցի: Սպասում ենք նոր էսսեների:

  3. Բյուրակն says:

    Լավ բայց Ալանիս Մորիսեթն ի՞նչ կապ ուներ 😀

  4. Armen Dulyan says:

    Դե կապը էն էր, որ տեսա իրա նկարը….

  5. Samvel Jeshmaridian, PhD says:

    My Friend Armen Dulyan, Bravo! Once again I greet Your talent! I understood that Comrade Hranush Hakobyan resembled Toumanian’s heroine Gohar from the poem “The Capture of the Castle Temuk.”

  6. armine sargsyan says:

    Համով, կենդանի, հումորով, սթափեցնող

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031