Լրահոս
Օրվա լրահոսը

Գերգիեւը «կսեփականաշնորհի՞» հայ օպերային երգիչներին

Հուլիս 30,2013 14:09
image

Հովհաննես Այվազյանը (աջից), Վալերի Գերգիեւի
եւ Աննա Նետրեբկոյի հետ:

Օրերս Վերդիի «Տրավիատա» օպերայի ներկայացումով փակվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի այս թատերաշրջանը: Սպասված էր ներկայացման հաջողությունը. գլխավոր դերերգերով հանդես եկան Անահիտ Մխիթարյանը (Վիոլետա), Հովհաննես Այվազյանը (Ալֆրեդ), Առնոլդ Քոչարյանը (Ժերմոն): Նշենք նվագախմբի եւ երգչախմբի իսկապես վերդյան երաժշտության բարձրարվեստ մատուցման փաստը: Ներկայացումը վարում էր ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը:

Բոլոր ժամանակներում հայկական օպերային ձայները պահանջված են եղել աշխարհում: Այսօր էլ մեր երգիչներից շատերը ճանաչում են ձեռք բերում ոչ միայն հայրենիքում, այլեւ մշտական համագործակցության հրավերներ ստանում մի շարք ճանաչված թատրոնների կողմից:  Եվ սա այն դեպքում, երբ մշտապես խոսվում է, թե իբր դասական արվեստն աշխարհում նահանջ է ապրում: Ասվածի վկայությունն են օպերային թատրոնի երկու մեներգիչների՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի (բարիտոն) եւ Հովհաննես Այվազյանի (տենոր) մշտական հյուրախաղերը: Նկատենք, որ բացի բարձրակարգ արվեստագետներ լինելուց, հիշյալ վոկալիստներն ունեն մեկ ընդհանրություն՝ վերջին շրջանում նրանք գտնվում են աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի ուշադրության կենտրոնում: Օրինակ, Գեւորգ Հակոբյանը հուլիսին Գերգիեւի ղեկավարությամբ Սանկտ Պետերբուրգի  Մարիինյան թատրոնի նվագախմբի եւ մեներգիչների հետ Կազանում մասնակցեց Շալյապինի անվան միջազգային փառատոնի փակման գալա համերգին, իսկ Հովհաննես Այվազյանը հունիսին Մարիինյանի նոր բեմում, դարձյալ Գերգիեւի ղեկավարությամբ, մասնակցեց գալա համերգին՝ դուետով հանդես գալով օպերային արվեստի մեգաաստղ Աննա Նետրեբկոյի հետ: Օրերս էլ երգիչը, խաղընկեր ունենալով ճանաչված օպերային երգչուհի Լյուդմիլա Մոնաստիրսկայային, մասնակցեց Մարիինյան թատրոնի «Տոսկա» ներկայացմանը:

Մի կողմից ուրախալի է, երբ մեր արվեստագետները պահանջարկ են վայելում արտերկրում, այն էլ նման մեծանուն արվեստագետի մոտ, մյուս կողմից էլ՝ արդյոք մտավախություն չկա՞, որ նրանց «կսեփականաշնորհեն» դրսում, այս դեպքում՝ Գերգիեւը: Այս հարցին ի պատասխան Գեւորգ Հակոբյանն ասաց, որ թեեւ  մշտապես ճանապարհորդելը, նույնիսկ հյուրախաղերի առիթով՝ դժվար է, սակայն չի պատրաստվում, թեկուզեւ ժամանակավոր, «փոխել» հայրենիքը, քանի որ, իր խոսքերով՝ «Բարձրյալի կամոք սա է իմ երկիրը», հավելելով, որ ինքը հրաժարվում է որոշ հրավերներից, այն էլ՝ ինչպիսի՜… Օրինակ, մերժել է մեծանուն դիրիժոր Ռիկարդո Մուտիի՝ ամռանը Իտալիայում անցկացվող Ռավեննայի եւ սեպտեմբերին Հռոմի «Կարակալա» փառատոներին մասնակցելու հրավերները՝ զուտ ժամանակի սղության, ասել է թե՝ խիտ ստեղծագործական գրաֆիկի պատճառով: Տեղեկացնենք, որ հայ բարիտոնը այս տարի հասցրել է հանդես գալ Սանկտ-Պետերբուրգի Միխայլովյան թատրոնում՝ Լեոնկավալոյի «Պայացներ», Կազանում՝ Վերդիի «Նաբուկո» օպերային ներկայացումներում եւ այլն, օգոստոսի 20-ին էլ Իտալիայի Կալիարի քաղաքի օպերային թատրոնում հանդես կգա Էնիո Պորինոյի «Շարդանա» օպերային ներկայացման մեջ՝  զորավարի դերերգով: Գեւորգ Հակոբյանը ստացել է նաեւ Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում հանդես գալու հրավեր, որտեղ խաղընկերն է լինելու Պլաչիդո Դոմինգոն:

Հովհաննես Այվազյանն էլ չի պատրաստվում, նույնիսկ գայթակղիչ առաջարկի դեպքում, հեռանալ հայրենիքից: Տենորը երկու անգամ հրավիրվել է Մոնղոլիա՝ Ուլան Բատորի օպերային թատրոնում մասնակցելով Պուչինիի «Տոսկա» ներկայացմանը, Կանադայի «Ռիչմոնդ Հիլլում» հանդես է եկել Մանրիկոյի դերերգով՝ Վերդիի «Տրուբադուրում», ապա Մոսկվայում դարձյալ Մանրիկո է կերտել «Նովայա օպերա» թատրոնում եւ այլն:   Օգոստոսի 9-ին նա կմասնակցի Մարիինյան թատրոնի «Տրուբադուր» ներկայացմանը:

Երգիչներին կորցնելու մտավախության առնչությամբ էլ Երեւանի օպերային թատրոնի տնօրեն  Կամո Հովհաննիսյանն ասաց, թե հյուրախաղերը բնականոն ընթացք են ցանկացած արվեստագետի կյանքում, սակայն այլ թատրոն տեղափոխվելը նրանց անձնական խնդիրն է. «Ամեն դեպքում հպարտություն ես ապրում, երբ քո ազգի քաղաքացին՝ լինի արվեստագետ, սպորտսմեն կամ այլ ոլորտ ներկայացնող, աշխարհում բարձր է պահում Հայաստան անունը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Գեւորգ Հակոբյանը եւ Պլաչիդո Դիմինգոն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Ներկա եմ գտնվել Տրավիատայի ներկայացմանը: Առաջին գործողության ավարտից հետո պարզապես դուրս եկա: Թերևս միայն Ալֆրեդոյի դերերգով հանդես եկող Հովհաննես Այվազյանն էր, որ խաղում էր ու երգում: Սկսած բեմի կահավորումից մինչև երգիչների հագուստը, որը կարծես տարբեր դարաշրջանների նորաձևությունից առնված ծաղկաքաղ լիներ, միայն տխուր ժպիտ էր առաջացնում: Ցավոք Անահիտ Մխիթարյանն էլ չէր փայլում, ներքևի նոտաները գրեթե չէին լսվում, իսկ վերևինները ավելի շատ գոռոցի էին նման: Անգամ չեմ խոսի դերասանական խաղի իսպառ բացակայության մասին: Միայն լավ երգեցողությունը դա օպերային արվեստ չէ: Եթե խաղում ես Փարիզի լավագույն կուրտիզանուհու դերը, ով զվարճացնում է բարձրաշխարհիկ, ոչ թե արվարձանային էժանագին տավեռնի հասարակությանը, ապա պետք է հանդիսատեսին ցույց տաս այն հմայքը, այն փաստարկը, որի շնորհիվ քո շուրջն ես հավաքել նման մի հասարակության: Խորը հիասթափություն ապրեցի, երբ տեսա, որ օպերային արվեստը հավասարվել է ամառային ճամբարներում սիրողական մակարդակի կազմակերպվող միջոցառումների… Մարդիկ չեն սիրում, չեն հասկանում այն , ինչի մասին երգում են, գուցե եթե բառ առ բառ հայերեն թարգմանեին օպերայի բառերը, երգիչները ավելի մեծ հոգի դնեին ասենք սիրային դերերգերի կամ Վիոլետայի արիայի ժամանակ, երբ երգի հնչյունները արտահայտում են այն մեծ երկընտրանքը, որի առաջ կանգնած է այդ կինը: Ինչպես կարելի էր փչացնել զգացական վառ ապրումներով հարուստ նման շքեղ օպերա…

  2. Լյովա says:

    Հոդվածը պատահաբար կարդացի երեկ: Գրեթե միշտ ներկա եմ գտնվում մեր օպերային թատրոնի ներկայացումներին: Ներկա եմ եղել նաև այդ օրվա ,,Տրավիատային,,, որտեղ Վիոլետայի դերում հանդես էր գալիս մեր օպերային թատրոնի պարծանք Անահիտ Մխիթարյանը: Առաջին անգամ չէր , որ վայելում էի նրա զմայլելի կատարումն ու բեմական անսեթևեթ պահվածքն ու արտիստիզմը:Վիոլետայի դերում նրա վճիտ, մաքրամաքուր երգեցողությունն ուղղակի հիացմունք էր առաջացնում:Իսկ վերջին գործողության մեջ նա իրեն պարզապես գերազանցեց:
    Այդ ամենը նա յուրօրինակ վարպետությամբ է մատուցում իր կերտած բազմաբնույթ դերերում՝ Պաոլինա, Դեզդեմոնա, Նորմա, Օլիմպիա, Անուշ… ,,Տրավիատայի,, օրը դահլիճում շատ օտարերկրացիներ կային, որոնցից երկուսը՝ տարեց ամուսիններ Լոնդոնից, հենց իմ կողքին էին ու անթաքույց հիանում էին Ա. Մխիթարյանով: Պատմում էին,թե Կովենտ Գարդենում շատերին են լսել, այդ թվում նաև Ջոան Սադրլենդին ու զարմանքով նշում, որ Ա. Մխիթարյանի երգեցողությունն իր բացառիկ հնչողությամբ, ճաշակով ու նրբությամբ շատ մոտ և նման է Ջ. Սադրլենդին:Ֆանտաստիկ է…
    Իսկ վերջերս ՝ 2016թ. փետրվարին, ներկա էի ,,Անուշ,, ներկայացմանը, որտեղ Անահիտ Մխիթարյանը հերթական անգամ ցուցադրեց երգի ու խաղի զարմանահրաշ միաձուլում: Հայ օպերային բեմը շատ Անուշներ է տեսել, սակայն Ա. Մխիթարյանի Անուշը դեռևս մնում է անգերազանցելի, անփոխարինելի:Մեր հանդիսատեսն իր երախտագիտությունն ու շնորհակալությունը պետք է հայտնի երգչուհուն, որ նա մինչ օրս հայրենիքում է, մեր կողքին: Այո՛, Անահիտ Մխիթարյանը մերօրյա իսկական օպերային Դիվա է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031