Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը օրերս ներկայացավ պրեմիերայով՝ հանդիսատեսի դատին հանձնելով Լեւոն Մութաֆյանի «Առնետները» հոգեբանական դրաման:
«Առավոտի» հետ զրույցում ներկայացման բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը նշեց. «Ներկայացրինք մի գործ, որն իր ձեւով, բովանդակությամբ, կոնցեպցիայով, մեկնաբանությամբ ու խաղաոճով, ինչպես նաեւ նկարչական ձեւավորմամբ տարբերվում է մինչ այժմ եղածներից: Խոսում ենք անտարբերության մասին, վախից ծնված անտարբերության: Սա նախազգուշացում է յուրաքանչյուրիս՝ սկսած ինձնից մինչեւ հանդիսատես: Համոզված եմ, որ հանդիսատեսն իր հետ տարավ կարեւոր մի բան՝ մենք ինքներս ենք մեզ հաճախ դնում անելանելի վիճակի մեջ, երբ անտարբերությունը ծնում է ողբերգություն»:
Պարոն Հարությունյանն ասաց նաեւ, որ դրամայի հեղինակի հետ ջանացել են խտացնել մարդկային անտարբերության եւ անուշադրության գույները: Իսկ դերասանական բարձր վարպետությամբ խաղն ու պիեսն իր բովանդակությամբ հանդիսատեսի կողմից ընդունվել է ակնհայտ ոգեւորությամբ:
Բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն էլ ասաց. «Հիացած եմ այս պիեսով, նրա առաջադրած բարոյական խնդիրներով: Մութաֆյանն այս գործով ապացուցեց, որ ինքը ոչ միայն մեր ժամանակների գիտակ թատերագետներից է, այլեւ ինքնատիպ թատերագիր, բարդ ու հետաքրքիր մարդկային կերպարներ է նա բերել դրամատիկական ստեղծագործություն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանի առաջարկությամբ էլ առավել շեշտել է անտարբերության թեման, ստեղծելով ուրույն դրություններ ու պատկերներ: Երիտասարդ բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը իր հերթական ու կարեւոր ստեղծագործական հաջողությունը հաստատեց, իսկապես հիացած եմ նրա աշխատանքով»:
Կարդացեք նաև
Նշենք, որ այս բեմադրության մեջ զբաղված են ՀՀ վաստակավոր արտիստներ Խաչիկ Բադալյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, դերասաններ Տիգրան Վիրաբյանը, Կարո Եղոյանը, Արկադի Ղարագյոզյանը, Հասմիկ Վիրաբյանը, Հռիփսիմե Աբաջյանը, Արսեն Միքայելյանը, Արմինե Միքայելյանը, Տիգրան Գաբոյանը եւ ուրիշներ:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Տեսարան «Առնետներ» ներկայացումից:
«Առավոտ» օրաթերթ