Այսօր «Զարկերակ» ակումբում Երևանի ավագանու «Բարև Երեւան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը խոսեց ավագանու աշխատանքների, քաղաքական ամռան ու զարգացումների մասին:
Անդրադառնալով ավագանու լիազորություններին` Սաֆարյանը նշեց, որ քաղաքապետի ոչ իրավաչափ որոշումներից հետո շատերի մոտ հարց առաջացավ, իսկ ո՞ւր է ավագանին: Ըստ նրա` իհարկե «Բարեւ Երեւանը» փորձեց քայլեր անել, բայց բնակիչների կողմից արդարացի հարց բարձրացվեց, թե ինչպես է հնարավոր, որ քաղաքապետը ինքնագլուխ որոշումներ կայացնի, եւ ավագանին չքննարկի դրանք: Սաֆարյանի մեկնաբանմամբ` օրենքով Երեւանի ավագանուն տրված է լիազորություն՝ հաստատելու քաղաքապետի կնքած կենսական նշանակության որոշումները… «Ավագանու լիազորությունները խզված են, նախորդ ավագանու ընդունած Կանոնակարգի պատճառով, եւ դրանում պետք է փոփոխություն կատարվի՝ թվարկված պայմանագրերի ցանկում ավելացնելով նաեւ հանրային ծառայությունների ոլորտում քաղաքապետի կնքած պայմանագրերը «Բարեւ Երեւանը» փորձելու է կանոնակարգում փոփոխություններ կատարել, արդեն քննարկում ենք, լրամշակումներ են արվում, որ հենց սեպտեմբերի առաջին նիստում նոր կանոնակարգով աշխատի ավագանին: Սեպտեմբերին կայանալիք նիստում քննարկման առարկա ենք դարձնելու նաեւ Վերահսկիչ պալատի որոշումները: Քաղաքապետը հողահատկացում անելուց ում ասես, ինչ ասես նվիրել է, հիմա մենք փորձելու ենք շտկել այս հարցերը, որոնց մեջ կլինեն նաեւ Վերահսկիչ պալատի բացահայտումներին վերաբերվող հարցեր»: Ինչ վերաբերվում է տրանսպորտի խնդրին, ապա, ըստ Սաֆարյանի, երեկ քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է մի հանձնաժողով, բայց հայտնի չէ, թե ի՞նչ է անելու այդ հանձնաժողովը, ինչով է զբաղվելու: Նա նշեց, որ «Բարեւ Երեւանը» նախ պետք է իմանա՝ ովքեր են այդ հանձնաժողովի կազմում, հանձնաժողովը զբաղվելո՞ւ է արդյոք ոլորտի ուսումնասիրությամբ, հայտնաբերումներով: Այս հանձնաժողովի լիազորությունները պետք է հստակ լինեն, որպեսզի ե՛ւ հասարակությունը, ե՛ւ ավագանին իմանան, թե ինչի մասին է խոսքը.«Հանձնաժողովը դեռեւս անուն չունի, եւ վստահություն չի ներշնչում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ