Ուղեվարձի բարձրացման պատճառով անցած շաբաթ ծավալված իրադարձությունների մասին զրուցում ենք քաղաքական տեխնոլոգ և վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։
– Պարոն Հակոբյան, վերջին օրերի քաղաքացիական ընդվզումն ի՞նչ ազդակներ է պարունակում։ Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ իշխանությունն այսուհետև շատ զգույշ պետք է լինի իր որոշումներում։
– Ցանկացած իշխանություն տեսականորեն իր բոլոր քայլերում պետք է միշտ էլ զգույշ ու կշռադատված լինի։ Ոչ թե որոշում կայացնի, հետո միայն ճնշումների ներքո խոստովանի, որ հանձնաժողով ստեղծելու և խնդիրը վերանայելու կարիք կա, այլ ամեն ինչ ծրագրի ու մանրակրկիտ նախապատրաստի։ Հայաստանում, այո, որոշ չափով քաղաքացիական հասարակության ծիլեր կան, սակայն ես միանշանակ չէի ասի, թե այս ամենը նրանց ինքնաբուխ արտահայտությունն էր։ Իհարկե, մարդկանց պահանջն արդարացի էր, սակայն կարծում եմ՝ որոշակի կազմակերպվածություն կար, և շատ նորմալ է, որ կար։ Ամեն ինչ արվեց, որ տարանջատվի հասարակական ընդվզումը քաղաքական պրոցեսներից, քաղաքական գործիչները նվազագույն մասնակցություն ունենան այս գործընթացում։ Ամեն ինչ արվեց, որ թե երկրի ներսում, թե երկրից դուրս ցույց տրվի, որ սա հասարակական հատվածի շարժումն է։ Կարծում եմ՝ այս ամենի հիմնական նպատակն էր ցույց տալ, որ Հայաստանում, ի հեճուկս տարածված կարծիքի, աճել է նոր սերունդ, որն իր պատկերացումներն ունի երկրի ապագայի վերաբերյալ, որոշակի արժեքներ է դավանում, հիմնականում՝ արևմտյան, որը բավականին կենսունակ է ու կրեատիվ։ Եվ այդ ազդակն ուղղված էր մեր երկրում շահագրգռություններ ունեցող գերտերություններին, որպեսզի վերջիններս կարողանան վերանայել իրենց մոտեցումները՝ ապագայում մեր երկրի ներսում հնարավոր սրացումների պարագայում, ինչը պայմանավորված կլինի Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի ընտրությամբ։
– Ակնհայտ էր, որ ուղեվարձի դեմ բողոքողների թվում նաև իշխանական աղբյուրներից սնվող մարդիկ էին։
– Հասարակական շարժմանը մասնակցում էին մարդիկ, ովքեր որևէ ընդդիմադիր լուրջ գործընթացներում իրենց մասնակցությամբ չեն նկատվել։ Բացառությամբ 1-2-ի, ովքեր հպանցիկ երևացին, սակայն նրանց մասնակցության մասին բոլորը մոռացան, ավելի շատ շեշտվում էր շոու բիզնեսի ներկայացուցիչների, լրագրողների, հասարակական գործիչների մասնակցությունը։ Ամեն ինչ արվեց, որ ընդգծվի, որ սա ինքնակազմակերպվող նոր սերնդի նախաձեռնությունն է։ Չի բացառվում, որ ապագայում փորձ կարվի Հայաստանում իրար հակադրել քաղաքական և հասարակական դաշտերը։
– Տարոն Մարգարյանն այս շարժման մեջ մնաց միայնակ՝ լքված իր կուսակից ընկերներից։ Ի՞նչն էր պատճառը։
– Դա նրանց պետք է հարցնեք:
Հարցազրույցը Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում