Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացումը:
Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը. «Բարով եք եկել Հայաստան: Ցանկանում եմ, որ այս երկու շաբաթը, որ անցկացնելու եք Հայաստանում, արդյունավետ լինեն, ավելի լավ ճանաչեք Հայրենիքը և անմոռանալի տպավորություններով վերադառնաք տուն: Իսկ հիմա բարի երթ»:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ներկաներին փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմ շնորհավորանքները, միաժամանակ խորին շնորհակալություն հայտնեց հյուրընկալ ընտանիքներին՝ մասնավորապես Երևանի Աջափնյակ, Շենգավիթ, Նոր Նորք, Կենտրոն վարչական շրջաններին, Արարատի մարզի Արտաշատ համայնքին՝ ծրագրի մասնակիցներին այս փուլում ընդունելու համար:
Ելույթներով հանդես եկան Ուկրաինայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Իսպանիայի ներկայացուցիչները:
Ծրագրի հինգերորդ փուլին մասնակցում է շուրջ 130 պատանի և աղջիկ Ռուսաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Անգլիայից, Լիբանանից, Ուկրաինայից և Վրաստանից: Նրանց համար այս փուլում ևս Ստ. Շահումյանի անվան դպրոցում կկազմակերպվեն հայոց լեզվի արագացված դասընթացներ: Ծրագրի վերջին 4 օրերը սփյուռքահայ պատանիները կանցկացնեն Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում, որտեղ կիրականացվի ակտիվ հանգստի, ժամանցի և ճանաչողական միջոցառումների ծրագիր, մասնակիցները հանդիպումներ կունենան պետական այրերի, մշակույթի անվանի գործիչների հետ, կկազմակերպվեն ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր, մարզումներ, սպորտային այլ միջոցառումներ:
ՀՀ սփյուռքի նախարարություն