Անհատ ձեռներեցը հայտարարությամբ բնակչությանը «նախապատրաստում էր» թանկացմանը
Դիլիջանի ներքաղաքային երթուղի սպասարկող «Էմին Մարգարյան» անհատ ձեռներեցը քաղաքում հայտարարություններ էր փակցրել, որ օգոստոսի 1-ից ուղեվարձը 70-ի փոխարեն դառնալու է 100, երեխաների համար 30-ի փոխարեն՝ 50 դրամ: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ անհատ ձեռներեցը ներքաղաքային երթուղու ուղեվարձը թանկացնելու առաջարկով դիմել է իրենց, սակայն քաղաքապետարանը մերժել է առաջարկը:
Քաղաքապետը հաստատեց , որ այդ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսները բարոյապես եւ ֆիզիկապես մաշված են: Պարոն Սանթրոսյանի խոսքերով՝ 70 դրամով ուղեւորափոխադրումներ կատարելը շահավետ չէ: Դիլիջանի քաղաքապետարանը ներքաղաքային մի քանի երթուղիների համար մրցույթներ է հայտարարել, սակայն դրանց մասնակիցներ չեն եղել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ