Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է շտապում ԵՄ-ն

Հուլիս 30,2013 12:06

Անցյալ շաբաթվա վերջին, Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ Հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆշալեն, ով օրեր առաջ գտնվում էր Երեւանում, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ողջունելով ԵՄ-Հայաստան բանակցային գործընթացի բարեհաջող ավարտը։

«Մենք ուրախ ենք հաստատել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի բովանդակային մասի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների ավարտը։ Սա շատ դրական զարգացում է եւ մենք անհամբեր սպասում ենք այս Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին եւ հետագայում վերջնական ստորագրմանը, երբ բոլոր տեխնիկական ընթացակարգային հարցերը լուծված կլինեն»,- հայտարարել են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները։ Հիշեցնենք, դեռ անցյալ շաբաթվա սկզբին ԵՄ կայքը պաշտոնապես ազդարարեց Հայաստանի հետ բանակցությունների ավարտի մասին։ Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն նշել են, որ Ասոցացման համաձայնագիրը թույլ կտա ԵՄ-ին եւ Հայաստանին միասին առաջ ընթանալ համապարփակ մոդեռնիզացման եւ բարեփոխումների ուղղությամբ՝ կիսելով ընդհանուր արժեքներ, քաղաքական ասոցացում եւ տնտեսական ինտեգրացիա։ «Համաձայնագիրը ուղղակիորեն իր դրական ազդեցությունը կունենա ամենօրյա կյանքի վրա՝ ավելի մոտեցնելով Հայաստանն ու հայաստանցիներին ԵՄին։ Թույլ տվեք հայտնել մեր բարձր գնահատականը երկու կողմի բանակցողներին, ովքեր հասան այս գերազանց արդյունքին»,-  բրյուսելյան համատեղ հայտարարության մեջ նշել են Էշթոնն ու Ֆյուլեն։

ԵՄ-ն կարծես թե ակնհայտ շտապողականություն է դրսեւորում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում։ Ու դա հասկանալի է, հաշվի առնելով Ռուսաստանի գործոնը։ Իհարկե, Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ Շտեֆան Ֆյուլեն ավելի մեղմ հայտարարություններ արեց՝ ակնարկելով, թե Հայաստանի առջեւ սուր ընտրության խնդիր դրված չէ՝ Եվրամիությո՞ւն, թե Ռուսաստան, այդուհանդերձ, նա կոնկրետ կառույցի անուն չնշեց՝ ավելի շատ խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին ընդհանրապես։

Վերջին շրջանում ԵՄ-ի հետ բանակցությունները վարում էր արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ նախաստորագրվի, նա պատասխանեց. «Ոչ մի շտապողականություն չկա, ֆիքսվում է, որ այս պահին այս փուլը անցած է, ասված է, որ բովանդակային մասն է ավարտված, բայց նաեւ կա տեխնիկական մասերը կարգի բերելու խնդիրը եւ դրա համար մեկ, երկու օր չի պետք, այլ ավելի երկար ժամանակ։ Տեխնիկական մասերը շատ բան են նշանակում, դա եւ իրավական, եւ իրավաբանական տեքստերը կարգի բերելն է, որպեսզի իրենք պատրաստ լինեն նախաստորագրմանը։ Դրա համար իրենք ֆիքսում են այս փուլի ավարտը, բայց դեռեւս աշխատանք կա անելու։ Որեւէ շտապողականության կամ ուրիշ ինչոր բաներ չկան»:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031