Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում. Կարեն Անդրեասյան

Հուլիս 30,2013 11:11

Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս իր նախորդ տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին: Համաձայն ծրագրի՝ մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, մինչդեռ, ծնողները, ունենալով անվճար բուժօգնության համար անհրաժեշտ փաստաթուղթ, հաճախ ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:
Խնդրի բարձրաձայնելուց անցել է շուրջ մեկ տարի, սակայն դրական առաջընթաց չի գրանցվել: Ավելին, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ նմանատիպ խախտումների վերաբերյալ, հատկապես՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի դեմ: Այս մասին Պաշտպանը պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարին, սակայն, որևէ հստակ պատասխան չի ստացել, թե արդյոք իրավախախտները ենթարկվել են պատասխանատվության, թե ոչ:
Այսպիսով, «Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում»,- նշում է Կարեն Անդրեասյանը և մեկ անգամ ևս հիշեցնում, որ հավաստագիրը հանդիսանում է հիվանդանոցային հաստատության կողմից մատուցվող անվճար բժշկական ծառայությունների կազմակերպման հիմք: Այն պոլիկլինիկայի ուղեգրի և ծննդյան վկայականի հետ միասին ներկայացվում է երեխայի հիվանդանոցային բուժօգնությունը իրականացնող բուժհաստատություն, իսկ անհետաձգելի օգնություն պահանջող դեպքերում հոսպիտալացումը կարող է իրականացվել բժշկի եզրակացության հիման վրա:
Պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին նման խնդրի հանդիպելիս դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, իսկ Առողջապահության նախարարությանը հորդորում է իրագործել «Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի ներդրման մասին» հրամանի դրույթներն ու լիարժեք ապահովել երեխաների անվճար բուժօգնության իրավունքը:
Պաշտպանի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031