Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրանի քաջագործությունների եւ նրա «գժի թղթի» մասին (Տեսանյութ)

Հուլիս 29,2013 21:14

«Սուրիկ Խաչատրյանի կազմակերպած հանցախմբի մեջ առանձնահատուկ դերակատարում են ունեցել իր եղբայրները, մասնավորապես՝ Սեյրան Խաչատրյանը (մականունը՝ Աղալար) եւ նրա որդիները: Բոլորը գիտեն, որ Սեյրան Խաչատրյանն է 99-ին հարբած, զինված բանդայով հարձակվել Գորիսի մի շարք բնակիչների վրա, նրանց պատճառել մարմնական ծանր վնասվածքներ: 2000-ին նա է, որ զինված հարձակում է գործել Վերիշեն գյուղի բնակիչ  Վարազդատի տան վրա՝ վերջինիս սպանելու մտադրությամբ: Վարազդատը մի կերպ իրեն նետել է լուսամուտից եւ թաքնվելով՝ փրկել է իր կյանքը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր հետ կապված ոճրագործությունների մասին նոր բացահայտումներ ներկայացրեց Գորիսի՝ 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը:

Նրա պատմելով՝ 2000թ.-ին Սեյրան Խաչատրյանը կրակել եւ ծանր վիրավորել է Գորիսի բնակիչ մի երիտասարդի վրա, անունը՝ Գարիկ. «Այդ հանցանքների համար ոչ միայն չի պատժվել՝ ձերբակալվել է, քրեական գործ է հարուցվել, բայց կարճ ժամանակ անց նրան տրվել է գժի թուղթ եւ այդ թղթի հովանու ներքո նա չի կրել քրեական պատասխանատվություն: 2000 թ.-ին մի դեպքի առնչությամբ բախում պետք է տեղի ունենար իմ նկատմամբ, ես դիմել եմ Գորիսի ոստիկանապետին, այն ժամանակվա գնդապետ Պետրոսյանին եւ Սյունիքի մարզային դատախազին: Այդ դիմումում նշել եմ, որ հանցագործություն է տեղի ունեցել, որովհետեւ գիժ չի Սեյրան Խաչատրյանը, նրան տրվել է գժի թուղթ, նա մի շարք ոճիրներ է հեղինակել՝ պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ եթե գիժ է, ապա նրա տեղը գժանոցում է: Պատասխան ստացել եմ, բայց մինչեւ օրս Սեյրան Խաչատրյանը ոչ բանտում է, ոչ էլ գժանոցում: Իսկ դրանից հետո նա եւ նրա որդիները հեղինակել են բազմաթիվ ոճրագործություններ: Նրա որդին՝ Էլնոր Խաչատրյանը 2004-ին Սերոբ Խաչատրյանի որդու՝ Մայիսի հետ միասին առանձնակի դաժանությամբ սպանել են Գորիսի 30-ամյա բնակիչ, կարծեմ 3 անչափահասների հայր Հովհաննես Բադալյանին: Սեյրան Խաչատրյանի որդին 1 օր անգամ չի ազատազրկվել: Սեյրան Խաչատրյանի չգրանցված, ապօրինի, հարկեր չվճարող օբյեկտներից մեկում էլ 2004-ին Սուրիկ-Սեյրան-Սերոբ Խաչատրյանի մորաքրոջ թոռը՝ Գրիգոր Մանուչարյանը, առանձնակի դաժանությամբ՝ կացնահարելով սպանել է Իրանի իսլամական հանրապետության մի քաղաքացու եւ ազատազրկման է դատապարտվել ընդամենը 13 տարով»:

Ըստ Սամվել Հարությունյանի,  90-ականին մահվան դատապարտված, իսկ դրանից հետո բանտարկության մեջ գտնվող շատ քիչ կալանավորներ են, որ նման կամ ավելի դաժան հանցանքների հեղինակներ են. «Ինչքանով ինձ հայտնի է, ցմահ ազատազրկման դատապարտվածների մեծագույն մասը ավելի մեղմ, ոչ այնքան մեծ առանձնակի դաժանության հանցանքների համար է դատապարտվել: Մեր երկրում է միայն, որ մեկին կարելի է ամենածանր պատիժը տալ, իսկ Սուրիկ Խաչատրյանի նմանների, նրանց բանդայի ներկայացուցիչների նկատմամբ առավելագույնս մեղմ վերաբերմունք դրսեւորել»:

Ինչ վերաբերում է Սեյրան Խաչատրյանի ունեցվածքին, Սամվել Հարությունյանի խոսքերով՝  միայն Գորիս քաղաքում եւ նրա մոտ ունի մի քանի օբյեկտներ. «Մեկը՝ Վերիշեն գյուղի անմիջապես հարեւանությամբ է, զավթել է Վերիշեն գյուղի համայնքին պատկանող 5000 քմ հողատարածք, այնտեղ կառուցել է սննդի մի օբյեկտ, օբյեկտի դիմաց էլ՝ 2 կետ, մեկը՝ բենզինի վաճառքի, մյուսը՝ դիզվառելիքի: Այդ օբյեկտում կա խոշոր բեռնատար մեքենաների կայանատեղի: Մեկ ուրիշ օբյեկտ ունի Գորիսի մուտքի մոտ՝ էլի կապիտալ շինություն, սննդի օբյեկտ եւ այլն: Պարսիկի այդ ծանրագույն հանցագործությունն էլ այդ առաջին օբյեկտում է տեղի ունեցել: Գորիսում նրա որդին ունի գիշերային ակումբ: Այդ կարգի օբյեկտները ոչ միայն  ձեւակերպված չեն, գրանցված չեն, ոչ միայն տարիներ շարունակ գործում են, հսկայական եկամուտներ են պարգեւում Սեյրան Խաչատրյանին, որեւէ լումա իբրեւ հարկ նա չի վճարել մեր պետությանը: Ավելին՝ կոմունալ ծառայությունների համար անգամ՝ էլեկտրականություն, ջուր, գազ, դրանց համար անգամ ասում են՝ որեւէ լումա չի վճարել»:

Նա դիմեց ՊԵԿ նախագահին՝ ասելով. «Ուղղակի ապշեցուցիչ է՝ Գագի՛կ Խաչատրյան, ինչու եք քնած, 18 տարիների ընթացքում մի՞թե չկարողացաք հայտնաբերել: Մի փոքրիկ հանցանքի համար կորած մեկին, մարդկանց տանում-դատապարտում եք, զրկում եք եկամտի հնարավորությունից: Ի՞նչ է, Խաչատրյանների արյունն ավելի կարմիր է, քան ՀՀ մյո՞ւս քաղաքացիներինը: Նույնը վերաբերում է իրավապահ համակարգի ղեկավարներին, որոնք այսօրվա վիճակով շարունակում են Սուրիկ Խաչատրյանի՝ տխրահռչակ Լիսկայի եւ նրա բանդայի բազում հանցանքների նկատմամբ իրենց հանցավոր անգործությունը: Գուցե նրա համար նրան չեք կանգնեցնում օրենքի առաջ, որպեսզի իմ, այլոց,գուցե Արտակ Բուդաղյանի, գուցե այլ քաղաքացիների նկատմամբ Սուրիկ Խաչատրյանը, գժի թուղթ ունեցող նրա եղբայր Աղալարը, նրանց մարդասպան, նրանց թմրամոլ, ոճրագործ զավակները, բանդայի մյուս անդամները պետք է այլ ոճիրներ էլ կատարեն, որպեսզի հագենաք այդ ամենով եւ դրանից հետո՞ որեւէ մեկին կանգնեցնեք քրեական պատասխանատվության առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Նելլի says:

    մի քիչ էլ ազգիդ հերոսներից պատմի:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Որտե՞ղ են ՀՀ իրավապահ մարմինները:

  3. ASHOT says:

    Սերժ,ժողովորդը սպասոմ է քո որոշմանը,եթե չպատժես ապա պատմության մեջ կմնաս որպես հանցագոռծնեռին հովանավորող նախագահ.Իսկ քեզ մնացելա մի քանի տառի արթարացրա քեզ

  4. Լուր says:

    Այս մարդը իր համարձակությամբ ճարտար լեզվով և անկեղծությամբ իսկական ՀՀ պրեզիդենտի թեկնածու է՝ իսկական այլընտրանք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031