Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի ոստիկանները կօգնեն իրենց ռուս գործընկերներին`պահպանելու անվտանգությունը: Այդ նպատակով ոստիկանության մի շարք աշխատակիցներ կգործուղվեն Սոչի: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը` երկու երկրների իրավապահ մարմինների համատեղ խորհրդից հետո: Գրում է «Ռիա Նովոստի» լրատվականը:
«Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք Սոչիում անվտանգության ապահովման հարցերը ու պայմանավորվել ենք, որ Հայաստանի ոստիկանության առավել փորձառու աշխատակիցները կգործուղվեն Սոչի ու կօգնեն առկա եւ հնարավոր սպառնալիքները վերացնելու գործում», – ասել է Կոլոկոլցեւը:
Իր հերթին Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ վերջին ժամանակներում Ռուսաստանի ՆԳՆ-ը եւ Հայաստանի ոստիկանությունը ոչ թե համագործակցում են, այլ փաստացի աշխատում են իրար հետ:
«Սոչիի անվտանգության պահպանման գործում մեր ներդրումն ունենալու համար, բացի տեղեկատվություն տրամադրելուց, մենք պատրաստ ենք օգնել նաեւ աշխատակիցներով», – ասել է Գասպարյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ