«Բարով եք եկել Հայաստան: Ցանկանում եմ, որ այս երկու շաբաթը, որ անցկացնելու եք Հայաստանում, արդյունավետ լինեն, ավելի լավ ճանաչեք Հայրենիքը եւ անմոռանալի տպավորություններով վերադառնաք տուն: Իսկ հիմա բարի երթ»,-այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվող Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը:
«Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման ընթացքում ելույթներով հանդես եկան Ուկրաինայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Իսպանիայի ներկայացուցիչները, որոնց մի մասը ներկաներին ողջունեցին հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործություններով:
Ծրագրի հինգերորդ փուլին մասնակցում է շուրջ 120 սփյուռքահայ պատանի Ռուսաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Անգլիայից, Լիբանանից, Ուկրաինայից եւ Վրաստանից: Ծրագրի շատ մասնակիցներ կապրեն հարազատների տանը: Բարեկամ, թե հյուրընկալ` Սփյուռքի նախարարությունում տարբերություն չեն դնում: Կարեւորը ծրագրի նպատակն է` հայրենանվիրումը: Լեւոն Պոտոյանը Ուկրաինայից է, ինչպես ինքն է ասում. «Եկել եմ այստեղ ապրեմ տատիկ-պապիկի տուն»:
Մասնակիցների համար այս փուլում եւս Ստ. Շահումյանի անվան դպրոցում կկազմակերպվեն հայոց լեզվի արագացված դասընթացներ` մայրենի լեզվին ամբողջությամբ տիրապետելու համար: Ծրագրի վերջին 4 օրերը սփյուռքահայ պատանիները կանցկացնեն Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում, որտեղ կիրականացվի ակտիվ հանգստի, ժամանցի եւ ճանաչողական միջոցառումների ծրագիր, մասնակիցները հանդիպումներ կունենան պետական այրերի, մշակույթի անվանի գործիչների հետ, կկազմակերպվեն ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր, մարզումներ, սպորտային այլ միջոցառումներ:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ