1954 թվականին Մարթին Լյութեր Քինգը, ստանձնելով Ալաբամա նահանգի Մոնթգոմերի քաղաքի բապտիստական եկեղեցու քահանայի պաշտոնը, գլխավորեց հասարակական շարժումը՝ ընդդեմ տրանսպորտում ռասայական խտրականության: Մոտ մեկ տարի անց հասարակական ակտիվիստ Ռոզա Փարքսը հրաժարվել էր ավտոբուսում տեղ զիջել սպիտակամորթ ուղեւորին (այսպես էր պահանջում վարորդը), ինչի համար էլ ձերբակալվել էր՝ «հասարակական կարգը խախտելու համար»:
Աշխարհի ամենաժողովրդավարական համարվող երկրի նահանգներից մեկում դեռեւս 60 տարի առաջ գոյություն ուներ օրենք, ըստ որի ավտոբուսում առաջին 4 շարքերը նախատեսված են էին «սպիտակների համար», իսկ եթե դրանք զբաղված էին, ապա սեւամորթ ուղևորները պարտավոր էին տեղ զիջել սպիտակամորթներին մնացած շարքերում: Ռոզա Փարքսի հետ կապված միջադեպը խթան դարձավ, որ Մոնթգոմերիի գիտակից քաղաքացիները ուղիղ 380 օր բոյկոտեցին ավտոբուսային բոլոր գծերը, կազմակերպեցին զանազան այլ միջոցառումներ, ցույցեր, երթեր եւ այլն: Պայքարն ավարտվեց նրանով, որ ԱՄՆ Գերագույն դատարանը Ալաբամայի նշված օրենքները ճանաչել էր հակասահմանադրական՝ ի հեճուկս ռասիստների կատաղի դիմադրության:
Ալաբամայի նահանգապետը հրաժարական չէր տվել, որեւէ մակարդակում իշխանափոխություն տեղի չէր ունեցել, բայց Մարթին Լյութեր Քինգը գրանցեց այս, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հաջողություններ: Իսկ դրանց գրավականը, ինձ թվում է, այն էր, որ պայքարը բացառապես խաղաղ էր, մերժում էր ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր բռնության որեւէ դրսեւորում («ով մեզ հետ չէ, նա սրիկա է» կարգախոսը հոգեւոր բռնության օրինակ է), ինչպես նաեւ մերժում էր որեւէ կուսակցականություն: Քինգը հավասարապես քննադատում էր ԱՄՆ երկու հիմնական կուսակցություններին, իսկ երբ պարզեց, որ իր զինակիցներից մեկը կապված է Կոմունիստական կուսակցության հետ, հրաժարվեց այդ մարդու հետ ճանապարհ անցնել:
Կա եւս մի կարևոր հանգամանք. թե’ Մարթին Լյութեր Քինգը եւ թե’, ասենք, Հարավ-Աֆրիկյան հանրապետությունում ռասայական խտրականության դեմ պայքարող անգլիկանյան եկեղեցու արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն իրենց գործունեության մեջ հիմնվում էին կրոնական համոզմունքների, աստվածաշնչյան ճշմարտությունների վրա: Դա, անշուշտ, պատահականություն չէ. հանուն բարի նպատակների հասարակությանը համախմբելու, առաջնորդելու համար անհրաժեշտ է որոշակի ներքին համոզմունք, եթե ուզում եք՝ հոգեւոր կրակ, որը մարդկանց մեջ արթնացնում է կրոնը:
Կարդացեք նաև
Հայաստանում հասարակական պայքարի մեջ մեր առաքելական հավատքի հիման վրա ձեւավորված բարոյական հիմք չկա, եւ ես դա բացատրում եմ նրանով, որ մեր բարձրաստիճան հոգեւորականներից շատերը ոչ մի գրամ հավատ չունեն: Նրանք, իհարկե, գիտեն աղոթքներ, պատարագներ, ծեսեր եւ այլն, բայց նրանց սրտում չկա այն կրակը, որը տանում է հասարակությանը՝ բարի նպատակներ իրագործելու համար: Նրանք պարզապես իշխանության մասն են, եւ իրենց ցինիզմով ամենեւին չեն զիջում իշխանության որոշ ներկայացուցիչների:
Ինչ վերաբերվում է իշխանության ներկայացուցիչներին եւ նրանցից մեկի ցինիզմին, ապա, ի պատասխան նրա արտահայտության՝ «իշխանությունը, եթե ցանկանա, մի գիշերում կմարի այդ շարժումը» (խոսքը ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման շարժման մասին է), կարող ենք հիշեցնել Ավետարանի խոսքերը (Մատթեոս 26), որը սիրում էր մեջբերել Մարթին Լյութեր Քինգը՝ «ովքեր սուր են վերցնում, սրով կ’ընկնեն»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հիանալի վերլուծություն: !!!