Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոլորվել են, չգիտեն` ինչ անեն». Պռոշյանի գյուղապետի նախկին տեղակալը գյուղապետի մասին

Հուլիս 29,2013 18:51

Պռոշյանի գյուղապետի արդեն նախկին տեղակալ, գյուղապետի նախկին թեկնածու ՀՅԴ-ական Վովա Սահակյանը վստահեցնում է, որ նորընտիր գյուղապետը իրեն աշխատանքից չի ազատել, ինքը հեռացել է ինքնակամ:

«Իմը հայեցողական պաշտոն է, ի պաշտոնե ես պետք է հրաժարական ներկայացնեմ, բացի դա՝ չեմ ուզում էդ թիմի հետ աշխատել»,- ասաց պարոն Սահակյանը:

Մեր հարցին, եթե գյուղապետը առաջարկեր միասին աշխատել, «լեզու գտնեիք», կմնայի՞ք ձեր պաշտոնին, ասաց. «Ո՞վ խոսեր, տո չէ, դրա անհրաժեշտությունը չկա: Դրանք էդ մոտեցումը չունեն: Դրանք չգիտեն` ինչ ասել է ՏԻՄ համակարգ: Ուղղակի եկել, մոլորվել են, չգիտեն՝ ինչ անեն»,- Aravot.am-ին ասաց պարոն Սահակյանը:

Պարոն Սահակյանը վստահ է` գյուղում  լարվածությունը կմնա այնքան ժամանակ, մինչեւ չբացահայտվի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը. «Գյուղապետ է սպանվել ու չի բացահայտվել, կարծում եք երեք ամիս հետո խաղաղ հանգիստ գյուղում կապրե՞ն, լարվածություն չի՞ լինի: Շարքային քաղաքացի չի սպանվել, իր պաշտոնական պարտականությունները կատարելիս գյուղապետ է սպանվել, գյուղապետարանի մուտքի մոտ: Լարվածությունը պետք է մնա մինչեւ բացահայտումը»:

Նրա խոսքերով, աշխատակազմը, որը այսօր հայտարարեց հրաժարական տալու ցանկության մասին, իր քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշումն է իրացրել. «Աշխատակազմը պահանջել է բացահայտել գյուղապետի սպանությունը, որովհետեւ այսօր աշխատում են ու չգիտեն` ում հետ են աշխատում,մեզ համար պարզ չէ: Աշխատակիցները նաեւ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել պետական վարչաֆինանսական մեքենայով ընտրված գյուղապետի ընտրությունների մեթոդաբանության դեմ»:

Պարոն Սահակյանը, անդրադառնալով պռոշյանցիների դժգոհությանը, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բնակիչներին ներքաշել են իրենց կռվի մեջ, գյուղը բաժանել երկու խմբի, ասաց. «Ժողովուրդը Ղրղըզստանից եկածները չեն, երկու ուժն էլ Պակիստանից չեն: Էդ նույն ժողովրդի մասն են, նույն գյուղացիներն են: Էդ ուժերը այլմոլորակային ե՞ն: Իրականության մեջ այդպիսի բան չկա, ուղղակի այդպես են ասում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031