Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխախոտն ու տղաների տարբերվելու բարդույթը

Հուլիս 29,2013 18:14

«Տնից գաղտնի ծխախոտ էինք վերցնում, թաքնվում դպրոցի բակում ու ծխում էինք դասարանցիներով». Հակոբն է պատմում ու հավելում, որ տեսնում էր բոլորը ծխում էին, ինքն էլ չէր ցանկանում «հետ մնալ» մյուսներից:

Ծխախոտի վնասակար ազդեցության մասին կարելի է խոսել անվերջ, դրանք մենք սկսել ենք յուրացնել դեռևս կենսաբանության դասագրքից, բայց փաստերը ցույց են տալիս, որ սովորածը միշտ չէ, որ կիրառում ենք:

«Սկզբում ծխում էի հետաքրքրությունից դրդված, իսկ հիմա արդեն չեմ կարող հետ պահել ինձ ծխախոտից, – ասում է Նորայրը, – բազմաթիվ միջոցներ եմ փորձել, հատուկ դեղեր օգտագործել, բայց միևնույն է, երբ չեմ ծխում թթվածնի պակաս եմ զգում»:

Գիտնականները եկել են եզրահանգմանը, որ ծխելու սովորությունը մարդուն փոխանցվում է գենետիկորեն: Նրանք, ովքեր գենետիկորեն հակված են ծխել, դեռևս դպրոցական տարիքում են փորձել ծխախոտը և շատ շուտով անցել են օրական մեկ տուփ ծխախոտի: Իսկ արդեն 38 տարեկանում սուր կախվածության մեջ են եղել նիկոտինից և մի քանի անգամ ծխելուց հրաժարվելու անարդյունք փորձեր կատարել:

30-ամյա Արմենը խոստացել էր երբեք չծխել, բայց որոշումը խախտեց, երբ արդեն պետք է ծառայության գնար. «Գնամ բանակ, բոլորը ծխեն ես չէ, ի՞նչ կասեն», – այսպես էր մտածում, իսկ հիմա շատ է զղջում, քանի որ կախվածություն է ձեռք բերել. «Մանկական հիմար մտածելակերպ է, ինչից տուժում են արդեն մեծ տարիքում», – հավելում է Արմենը:

«Դա տարբերվելու բարդույթ է, – այսպես որակեց իրավիճակը հոգեբան Անուշ Ալեքսանյանը: Նրա խոսքով, աղջիկներն էլ դպրոցական տարիքում ձգտում են կոսմետիկա օգտագործել՝ ավելի մեծ երևալու համար, այնպես էլ տղաները՝ ծխում են, որպեսզի իրենցից տարիքով ավելի մեծերին նմանվեն. «Այստեղ դեր ունի նաև ինքնահաստատումը, և եթե կանայք ծխեին մեզ մոտ, աղջիկներն էլ կծխեին», – նշեց հոգեբանը: Դա տարբերվելու վախ է ու բարդույթ, որը հիմնականում նկատելի է դեռահասության շրջանում:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031