ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Տավուշի մարզպետարանն էր, ուր անցկացվեց խորհրդակցություն Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի, մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Խոհրդակցության ընթացքում հրապարակվեցին սահմանամերձ մարզի գյուղատնտեսության բավականին տպավորիչ օպերատիվ ցուցանիշներ. Ցանքատարածություներն ավելացել են շուրջ 384.5 հա-ով, կազմելով՝ 15306.5 հա:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճ է գրանցվել հացահատիկային, գարնանացան ցորենի և գարու, հաճարի և հատիկաընդեղենի ցանքերում: Խորհրդակցության ընթացքում նախարարին զեկուցեցին, որ պետական աջակցությամբ արդեն իսկ տրամադրվել է շուրջ 650 տոննա դիզելային վառելիք և 369.3 տոննա ազոտական պարարտանյութ, կուտակվել է 33 հազար տոննա խոտ, նախորդ տարվա նույն ժամանակի 15 հազարի դիմաց: Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ Տավուշը սահմանապահ մարզ է և գյուղատնտեսության զարգացումն այստեղ պետք է դիտարկել ոչ միայն սոցիալական, այլև՝ ռազմավարական տեսանկյունից և բոլոր խնդիրներին նայել այս համատեքստում՝ «Մեզ համար գլխավոր խնդիր է շրջանառության մեջ դնել պատերազմական գործողությունների հետևանքով չմշակվող վարելահողերը և մեծ նվաճում է, որ 18090 հա վարելահողից շուրջ 84 %-ն արդեն ցանքի տակ է»,- ասել է գյուղատնտեսության նախարարը: Նա մարզպետ Արմեն Ղուլարյանի և «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ այցելեց մարզի Դեբետավան և Բագրատաշեն համայնքներ, ուր ակտիվորեն ընթանում էին դեղձի մթերման աշխատանքները: «Սպայկայի» գլխավոր տնօրենը, ի լուր ամենքի, հայտարարել է, որ դեղձի մթերման առումով որևէ խնդիր չի լինի, և իրենք կգնեն ամբողջ բերքը: Դեղձի զանգվածային բերքահավաքը կսկսվի առաջիկա 10 օրերին: Վերամշակող մի քանի ընկերություններ պատրաստակամություն են հայտնել Տավուշի մարզում իրականացնել մեծածավալ մթերումներ: Քննարկվել է նաև խաղողի բերքի և իրացման հետ կապված խնդիրները: Նախարարը հավաստիացրել է, որ հատկապես Տավուշի մարզի պտղի և խաղողի իրացման խնդիրը իր ուշադրության կենտրոնում է, որպեսզի աշխատաքները կատարվեն ժամանակին և անկորուստ: Մարզի երկու համայնքներում էլ մթերումը կատարվում է 125 դրամով: Այցի շրջանակներում գյուղատնտեսության նախարարը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին հանձնել է դեռևս նախորդ տարվա գյուղատնտեսի օրվա կապակցությամբ նրան շնորհված ոսկե մեդալը և շնորհակալություն հայտնել մարզի բարձր ցուցանիշներ համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն