Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ այսօր իրենք հանդիպել են ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ «մեր խնդիրները նորից վերանայեցինք, այն խնդիրները, որ ներկայացրել էինք, նորից ենթակետերով բացված սկսեցինք միասին քննարկել, որպեսզի կոնկրետացնենք եւ լուծումներ տանք: Մեր բոլոր հացերի պատասխանները ստացանք: Հիմա բոլոր գերատեսչական մարմիններին հանձնարարականներ է տրված, այսօր բոլորն աշխատում են այդ ուղղությամբ»:
Մելիքբեկյանի ձեւակերպմամբ՝ եթե շատերին թվում է, թե տվյալ խնդիրը հապճեպ պետք է լուծել, այդպես չէ, որովհետեւ հապճեպ լուծելու ժամանակ շատ հարցեր անտեսվում են. «Այս խնդիրները որոնք 20 տարուց ավելի մնացել էին, այսօր պետք է սպասենք եւ ժամանակ տանք դրանց լուծման համար: Մենք միահամուռ կերպով պայքարում եւ պահանջում ենք: Իսկ նախարարի հետ հանդիպումից երեւաց, որ նա գիտի, որ մենք ճիշտ ենք, նա տվել է իր հավանությունը ու այն խնդիրները, որոնք անտեսված են եղել ՀՀ կառավարության կողմից, ինքը ընդունեց եւ համամիտ է մեզ հետ»:
Ազատամարտիկի խոսքով՝ իրենք Ազատության հրապարակում այնքան ժամանակ կմնան, մինչեւ իրենց խնդիրները չսկսեն հերթով լուծվել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ