Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում դատում են հեռուստահաղորդավարի եղբորը (ֆոտոշարք)

Հուլիս 29,2013 17:18

Dat_5 Dat_4 Dat_3 Dat_2 Dat_6Գյումրեցի սգատերերից շատերը ներկայացել էին դատարան

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նշենք, որ այս գործով մեղադրվում են Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, ով փախուստի մեջ է, ինչպես նաև Հ1 հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրը` Ռուբեն Մնացականյանը:
Սոցապի աշխատակիցները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու, ընդհանուր 87.222.364 դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի և ժառանգվող գումարներ յուրացնելու մեջ: Ի դեպ, միակ կալանավորվածը հեռուստալրագրողի եղբայրն է ` Ռուբեն Մնացականյանը, որին առաջադրված մեղադրանքում ընթերցում ենք. «Ռուբեն Մնացականյանը, ով զբաղեցնում է Բնապահպանության նախարարության Շիրակի տարածքային բնապահպանական տեսչության պետի պաշտոնը, մեղադրվում է այն բանում, որ 2005 թվականի հունիսի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 30-ը, լինելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման պատասխանատու, չարաշահել է պաշտոնական լիազորությունները, ինչի հետևանքով պետության օրինական շահերին հասցրել է 87.222.364 դրամի էական գույքային վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով»:
Այս գործով կան 120 վկաներ, դատարանը լսել է մոտ 30-ին, դեռ 90 հոգի էլ պատրաստվում են ներկայանալ դատարան: Այսօր վկայակոչվել էր 25 վկա, բայց մի քանիսն էին ներկայացել: Վկաները մահացածների հարազատներն են, ովքեր պնդում էին, որ իրենք ընդամենը մեկ անգամ են մահվան նպաստ ստացել իրենց հարազատի համար: Օրինակ` դատավոր Էդուարդ Մանուկյանը վկա Հասմիկ Հակոբյանին հարցրեց, թե ե՞րբ է մահացել իր սկեսրայրը, և ե՞րբ են ստացել նրա մահվան նպաստը: «Սկեսրայրս` Հարութ Հակոբյանը, մահացել է 2011 թվականին հուլիսի 7-ին, ամուսինս նրա մահվան գումարը ստացել է հուլիս-օգոստոս ամիսներին`մեկ անգամ, հետո մեկնել է Ռուսաստան», -ասաց տիկինը: Դատավորի այն հարցին, թե արդյո՞ք երկրորդ անգամ նույն չափի մահվան գումար չեն ստացել 2012 թվականի հունվարին, տիկինը բացառեց . «Ի՞նչ եք ասում, այդ ժամանակ ամուսինս արդեն Ռուսաստանում էր, և հետո, եթե նա ստանար, ընտանիքի բոլոր անդամները տեղյակ կլինեին, մեզանից հո գաղտնի չէր պահի: Մահվան գումարը ստանալուց հետո ամուսինս 10 օր հետո Ռուսաստան է մեկնել»: Դատավորը կատակեց` ասելով` էնքան ամուսիններ կան , որ կանանցից գաղտնիքներ ունեն:
Ի դեպ, դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր, այստեղ կարելի էր հանդիպել քաղաքի տարբեր պաշտոնյաների ու պաշտոնաթող մարդկանց, ովքեր ամենայն հավանականությամբ եկել էին սատարելու իրենց դատվող ընկերներին: Մանրամասները` ընթերցեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Նվերը հեռուստալրագրող չէ, հեռուստամեկնաբան է, թե չգիտեք՝ իմացեք

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031