Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ շահ ունեին գաջ քսողն ու էպոսագետը մահափորձը կատարելու եւ պատվիրելու մեջ

Հուլիս 29,2013 16:20

eposaget-2Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով մեղադրող Արամ Ամիրզադյանի ճառից հետո ճառով հանդես եկավ Հայրիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Նա իր ճառում ասաց, որ հանցագործների պատվիրատուների նպատակը քաղաքական գործչին, որը նախագահի թեկնածու էր, ֆիզիկապես ոչնչացնելն էր, որպեսզի դադարեցվի վերջինիս քաղաքական գործունեությունը. «Հայրիկյանը չգնաց ոճրագործների գծած ճանապարհով, այն է՝ հետաձգել ընտրությունները: Հրազենային վնասվածք ստացած, հրաշքով ողջ մնացած Հայրիկյանը մասնակցեց նախագահական ընտրություններին որպես հաշմանդամ դարձած նախագահի թեկնածու՝ բխող բոլոր բացասական հետեւանքներով վերջինիս համար: Ավելին, տեսնելով, որ նախագահական ընտրություններ չեն հետաձգվում, որոշ ուժերի դրդմամբ, ԶԼՄ-ների միջոցով տարածվեցին լուրեր, որ մահափորձը կեղծ է, որ Հայրիկյանի վրա կրակել են ռետինե գնդակներով, որ ինքն է կազմակերպել մահափորձը եւ ամենուր օդում կախված էր հետեւյալ հարցադրումը՝ ի՞նչ շահ ունեին գաջ քսողն ու էպոսագետը մահափորձը կազմակերպելու եւ կատարելու մեջ»:

Լեւոն Բաղդասարյանը հիշեցրեց, որ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը նախաքննության ընթացքում առերեսման ժամանակ Հայրիկյանից հայցում էր ներողամտություն, խնդրելով, որպեսզի վերջինս ներողամիտ լինի՝ հաշվի առնելով, որ ընտանիք եւ փոքր երեխա ունի, որ ոչ մի անձնական խնդիր չունի Հայրիկյանի հետ եւ որ մյուս ամբաստանյալի ցուցումով է կատարել հանցագործությունը՝ գումարի համար, իսկ դատարանում փոխեց իր ցուցմունքը: Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչը իր ճառում անդրադարձավ նաեւ մահափորձի կազմակերպչին՝ Սեդրակյանին, ասելով. «Մեր կարծիքով, այս քրեական գործով ներգրավված ամբաստանյալները այս մահափորձի հետ կապված են այնքանով, որքանով այն առնչվում է նյութական կողմին: Դա է պատճառը, որ յուրաքանչյուրին իր նյութականն ավելացնելու ձգտումը բերեց քաղաքական գործչի մահափորձն իրականացնելուն, մոռանալով, որ Հայրիկյանը եւս ընտանիք եւ երեխա ունի եւ իրենց տարիքի չափ քաղաքական կենսագրություն»:
Անդրադառնալով այս գործով քաղաքացիական հայցին՝ Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ գործում առկա է առողջապահության նախարարության մայիսի 24-ի գրությունը, որով տեղեկացվել էր, որ նախագահի թեկնածու Հայրիկյանի բուժման իրականացումն առնչվում է հրազենային կրակոցներից ստացված մարմնական վնասվածքների հետ: Գործում, ի դեպ, առկա է Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքի «ձեռքի եւ վերին անդամի վիրաբուժության բաժանմունքի» բժիշկ Ան Լեժանի մասնագիտական գրությունը, համաձայն որի՝ հետվիրահատական բուժումները տեւելու են երկար, եւ 2 տարի անց անհրաժեշտ է լինելու նոր վիրահատություն: Ի դեպ, անդրադառնալով կառավարության կողմից Հայրիկյանի առաջին վիրահատության ծախսերը լուծելու խնդրին, ներկայացուցիչը տվեց այն հարցը, որը շահարկվում է, այն է՝ որքան՞ով է իրավաչափ հայց ներկայացնել դատարան: «Օրենսդիրը իրավունք է վերապահել տուժողին փոխհատուցում պահանջել այն անձանցից, ում կողմից կատարված հանցագործության պատճառով վերջինս վնաս է կրել: Օրենսդիրը չի արգելում պահանջել վնասի փոխհատուցում: Ըստ պաշտպանի, «20 արծաթ ստանալու» համար, այն է՝ նյութական շահի ակնկալիքով է եղել այս հանցագործությունը: Նա դատարանին խնդրեց, որ եթե ապացուցված չէ վերջիններիս մեղքը, թող դատարանն այն գնահատի ի նպաստ ամբաստանյալների:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031