«Ֆրանս պրես» գործակալությունը, անդրադառնալով Արցախի զբոսաշրջությանը, գրում է` այժմ, երբ գնալով շատանում է Արցախի զբոսաշրջիկների քանակը` նրանք ասում են, որ պատերազմական պատկերների այլ կողմն են տեսնում:
Ֆրանսիացի դեղագործ Ջորդան Նահումն ասում է, որ Արցախի մասին միայն արյունոտ անցյալից էր տեղյակ և իրեն զարմացրել է այն, ինչ տեսել է այնտեղ.
«Մարդիկ շատ բաց են և հաճելի», – ասում է 23-ամյա Ջորդանը, – «Այստեղ շատ անվտանգ է, և ես տարբեր երկրներից բազմաթիվ զբոսաշրջիկների եմ հանդիպում: Ես վտանգ չեմ զգում այստեղ»:
Տեղական իշխանություններն ասում են, որ մի քանի տարվա ընթացքում զբոսաշրջիկների քանակն աճել է 40%-ով, և 2012թ. այն հասել է 15 500` չհաշված սփյուռքահայերին:
Կարդացեք նաև
«Այս աննախադեպ աճը ցույց է տալիս, որ չնայած Ադրբեջանի հետ լարված իրավիճակին, մենք Արցախում զբոսաշրջության համար հաճելի պատկեր ենք ստեղծել` անվտանգ և հետաքրքիր», – ասում է ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը` ավելացնելով, որ եթե կարողանան այս աճը պահպանել, ապա հինգ տարի հետո զբոսաշրջությունը Արցախի համար կդառնա ամենաշահութաբեր ոլորտներից մեկը: Նա նշում է նաև, որ դեռևս ոչ մի զբոսաշրջիկ չի վիրավորվել:
Սակայն, գրում է գործակալությունը, որոշ զբոսաշրջիկների համար պատմամշակութային կառույցները, բնությունը բավարար չեն:
«Կան այնպիսիք, որոնք էքստրեմալ տուրիզմ են նախընտրում, որոնք ուզում են ճակատային գիծ գնալ, բայց մենք պետք է բացատրենք, որ դա վտանգավոր է, քանի որ այնտեղ ականներ կան», – ասում է «Սաթի» զբոսաշրջային ընկերության ղեկավար Գոհար Հարությունյանը:
Թեպետ անորոշ է տարածաշրջանի ապագան, սակայն Լեհաստանից Անդրեյ Հոյնովսկու պես զբոսաշրջիկներն ասում են, որ երբ հետ գնան, իրենք խորհուրդ կտան իրենց ընկերներին այցելել Արցախ.
«Նրանք պետք է այս հակամարտությունը լուծեն խաղաղ ճանապարհով, բայց միաժամանակ չպետք է զբոսաշրջիկների հոսքը դադարեցվի», – ասում է 59-ամյա Հոյնովսկին` Գանձասար եկեղեցու մոտ նկարվելիս:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ