Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հ.Մ.Ը.Մ. 9-րդ խաղերում սպորտի պետական կառույցը պասիվ է

Հուլիս 29,2013 16:03

bacumԱյս օրերին Երեւանում եւ Արտաշատում ընթանում են Հ.Մ.Ը.Մ. 9-րդ խաղերը, որոնց, բացի Հայաստանից, մասնակցում են աշխարհի 16 երկրներից ժամանած շուրջ 650 հայ երիտասարդ մարզիկներ:

Համահայկական նշանակություն ունեցող մարզական խաղերի մեկնարկը, կարելի է ասել, տրվեց Ազատության հրապարակում կազմակերպված բացման հանդիսավոր արարողությամբ եւ շքերթով: Սակայն զարմանալիորեն շքերթն ընդունելու արարողությանը չի մասնակցել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, թեեւ այդ ժամին փոխնախարար Նազարեթ Մնացականյանը եղել է Ազատության հրապարակում:
Aravot.am-ի տեղեկություններով Հ.Մ.Ը.Մ. 9-րդ խաղերի նախապատրաստության նպատակով կառավարությունը ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով, բայց այն ժամանակ, երբ Հ.Մ.Ը.Մ. կենտրոնական վարչությունը ՀԱՕԿ-ի հետ համատեղ նախապատրաստական աշխատանքների գրեթե 90 տոկոսն արդեն կատարած է եղել: Սակայն միջգերատեսչական հանձնաժողովը, որի կազմում են սպորտի եւ երիտասարդության հարցերի, սփյուռքի, մշակույթի, արտաքին գործերի նախարարությունները, ոստիկանությունը եւ այլն, բացի, թերեւս, ամենաշահագրգիռ գերատեսչությունից` սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, մնացած հնարավորությունների առավելագույն չափով աջակցել եւ աջակցում են Խաղերի կազմակերպմանն ու ընթացքին:
Մեր տեղեկություններով այս ընթացքում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության արածն ընդամենը եղել է այն, որ առաջարկել է` որոշ մրցումներ արդեն իսկ նշանակված վայրերից տեղափոխել իր ենթակայության ներքո գտնվող կառույցներ, ինչը հնարավոր չի եղել տեխնիկական պատճառներով: Նախ, մրցավայրերն արդեն ընտրված ու հաստատված են եղել, ապա նաեւ այն պատճառով, որ առաջարկված մարզակառույցներում պայմանները համեմատաբար ավելի վատն են եղել: Մինչդեռ, Խաղերի կազմկոմիտեն մեկնարկի նախորդ օրը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե իրենք ընտրել են հանրապետության լավագույն մարզակառույցները:
Իսկ թե ինչի՞ Խաղերի բացմանը եւ շքերթին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը չի մասնակցել, մեր տեղեկություններով պատճառն այն է, որ սպորտի պետական կառույցը պաշտոնապես չէր հաստատել Հ.Մ.Ը.Մ. կենտրոնական վարչության եւ կազմկոմիտեի պաշտոնական հրավերը, ինչի համար գոյություն ունի համապատասխան կարգ եւ ժամկետ:

Գուցե ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել գործնականորեն մասնակցել Խաղերի կազմակերպական աշխատանքներին: Բայց երբ հետաքրքրվեցինք, թե սպորտի պետական կառույցի պաշտոնյաները լինո՞ւմ են մրցավայրերում, հետաքրքրվո՞ւմ են, թե ինչ խնդիրներ են առաջանում, որ օգնեն դրանք կարգավորել, խաղերի ընթացքի անմիջական պատասխանատուները պատասխանեցին. «Միանշանակ ասել, թե մրցումներին ներկա չեն լինում, չենք կարող: Բայց մեզ ոչ-ոք չի մոտեցել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031