Կապանում ստեղծված նախաձեռնող խումբը, որը հունիսի 17-ից մարզկենտրոնում ստորագրահավաք էր սկսել՝ ընդդեմ Կապանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրելու համայնքի ավագանու հունիսի 7-ին կայացրած որոշման, այժմ դիմել է ՀՀ թիվ 38 ԸԸՀ՝ տեղական հանրաքվեի միջոցով հարցին լուծում տալու համար: Ինչպես տեղեկացանք նախաձեռնող խմբից՝ «Պահանջում ենք Կապանի ջրամատակարարման կառավարումը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից քաղաքային իշխանություններին վերադարձնել» պահանջով անցկացված ստորագրահավաքին մինչ այժմ մասնակցել է մոտ 11 հազար բնակիչ:
Արդեն տեղեկացրել էինք՝ https://www.aravot.am/2013/06/17/255426/, որ Կապանի հասարակությունը դժգոհ է «Հայջրմուղկոյուղու» մատուցած ծառայություններից՝ հաճախակի տեղի ունեցող վթարներից, անորակ ջրի մատակարարումից, հորդառատ տեղումների ժամանակ բաժանորդներին ոչ պիտանի ջուր մատակարարելուց, ջրագրաֆիկ խախտումներից: Կապանցիներն անընդունելի են համարում, որ առանց հանրության կարծիքը հաշվի առնելու եւ հանրային լսում անցկացնելու է համայնքի ավագանին նման որոշում կայացրել:
Նշենք, որ հունիսի 28-ին մի շարք կապանցիներ, նախաձեռնող խմբի աջակցությամբ, դիմել են ՀՀ վարչական դատարան՝ Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 07-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշումը առ ոչինչ ճանաչելու պահանջով: Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ