Լրահոս
Օրվա լրահոսը

Ես քո կենդանի սուրն եմ, հայրենիք

Հուլիս 29,2013 15:22
PrevPhoto
NextPhoto

-Ամենաշատը ու°մ ես կարոտել:
-Մորս…
Այս պատասխանն էին տալիս բոլոր այն զինվորները, որոնց հանդիպեցի ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի զորամասում և մարտական դիրքերում, որտեղ առաջին հրամանատարը եղել է Մոնթե Մելքոնյանը:
Զինվորական մեքենայով մտնում ենք զորամաս, յուրաքանչյուր զինվոր իր աշխատանքն ունի, զբաղված է մի բանով: Երկու տարի հարմարվում են մի կյանքի, ինչպես զինվորներն են նշում, որ դառնում է ապրելակերպ: Հրամանատարները բացատրում են կարգուկանոնը, սահմանված գրաֆիկը, դժվարություններն ու արձակուրդները: Մեկ անգամվա արձակուրդը զինվորի համար պարտադիր է, օրվա մեջ զինվորն ունենում է 12 ժամ հանգիստ:
Զինավարժությունների հրապարկում նորակոչիկներն են, սովորում են «հավսարն» ու «զգաստը», զենքը օգտագործելու ձևերը, ու սպայական կազմի հետ շփվելու մանրուքները: Որոշները թերանում են, մյուսները դժվարանում են կատարել, ավելի երկար ծառայածներն իրենց «լավ» են զգում:
Հուլիսի 25-ն էր, երբ զորամասում էինք, մեկ օր առաջ նորակոչիկների երդման արարողությունն էր, տեսել էին ծնողներին, ու չէին հասցրել կարոտել: Որոշներն արդեն հարմարվել են, մի քանիսը տան մասին էին երազում:
Զորամասից երևում էր դիմացի սարին գրվածը. «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենիք», ու ոգեշնչում արտահայտությամբ:

«Մեր վաշտում բոլորը ջոկած են»
Հովհաննես Խաչիկյանը 20 օր է, ինչ զորամաս է մտել, Ղարաբաղ եկել է Լոռու մարզից: Արդեն հասցրել է կարոտել ընկերուհուն, բայց ուրախ է, որ եկել է: Ծառայությունը գնահատում է միջին: Վստահ է, որ բանակը իրեն ուժ կտա. «Հասկացել եմ արդեն, երբ քաղաքացիական կյանքում մի բան ես անում, հետո նոր մտածում, այստեղ չես կարող, սխալի դեպքում օրենքով կպատժվես»: Առաջին դժվարությունը զինվորի համար, երբ մտնում է զորամաս, անծանոթ միջավայրն է:
-Հանգստացի, արա:
-Արա չի…
Տեղում նման խոսակցությունը Հովհաննեսը բացատրեց, որ առավոտվա բարևը առանց դրա չի լինում, օրը չի սկսվում առանց դրա. «Մեր վաշտում բոլորը ջոկած են: Սա կռվի առիթ չէ»: Իսկ ընկերը`Ռուբենը, բանակի առաջին թերությունը նշեց նասկի գողանալը (ծիծաղում է), ու սերիալների բացակայությունը:
Հայկ Տեր-Հովհաննիսյանը 14 ամիս է, ինչ ծառայում է: Մի օր հեշտ է անցնում, մի օր դժվար, կողքից հուշում են. «Մի օր տնեցիներին չի հիշել, մի օր հիշել է»: Բանակը ոչինչի չի տվել իրեն, իրենով էլ բանակին ոչինչ չի ավելացրել, ինչպես ինքն է նշում. «Հետս բան չեմ տանելու»: Մայրիկին առողջություն է ցանկանում, ու համբերություն մինչև հասնի իրեն. «Որ ես ստեղ եմ՝ ծնողներս անհանգիստ են քնում, ոչ թե հանգիստ»:
Արեն Համոյանը հենց 2-րդ ամսվանից հարմարվեց ծառայությանը, արդեն 8 ամիս է, ինչ Ղարաբաղում է: Մինչ ծառայությունը ավագ ընկերներից լսել է, թե ինչպես են օրերը անցնում զորամասում, բայց ոչ ոքի պատմածը չհամապատասխանեց. «Յուրաքանչյուրի ծառայությունը տարբեր է, մինչև ինքդ չես լինում մեջը, չես հասկանում ինչ է դա»:
Լքելով զորամասը` լսում ենք հրամանատարի ձայնը. «15-րդ վաշտը շարվի»:
Հպարտ եմ, որ կանգնած եմ սահմանին
Մինչ մարտական դիրքեր բարձրանալը՝ հրամանատարների կողմից հնչեցին մի քանի կանոններ, որոնք պետք է կիրառվեն: Առաջնայինը՝ հագնել զրահապաշտպան բաճկոնը, լինել ուշադիր, սահմանագծից չանցնել և այլն:
Յուրաքանչյուր մարտական դիրք ունի իր յուրահատուկ հարմարությունը`ճաշասենյակը, քնելու համար նախատեսված սենյակն ու անգամ փոքրիկ աղոթավայրը, որտեղ ամեն օր պարդատիր մոմ են վառում` ի նշան խաղաղության:
Ապրես Հարությունյանը վերջին օրն է անցկացնելու դիրքերում, 14 օր հետո նորից բարձրանալուէ: Հուլիսի 25-ին լրացավ ծառայության մեկ տարին. «Արդեն հետ եմ հաշվում օրերը»: Դպրոցը ավարտել, ու միանգամից եկել է բանակ, վերջացնելուց հետո կսովորի, մասնագիտանալով որպես օգտակար հանածոների հետախուզող և մշակող: Երբեք չի հոգնել ծառայությունից, մեկ տարին էլ իր խոսքերով «թռավ». «Ինձ հպարտ եմ զգում, որ սահմանին եմ հանգնում: Երբ չէի ծառայում, միշտ խմում էի սահմանին կանգնած զինվորի կենացը, հիմա էլ երևի իմ կենացն են խմում»: Իսկ վերջում հավելում է, որ բանակը իր համար կյանքի մի էջ է, որ հասունանում է:
Զինվորները, մարտական դիքերում իրար հերթափոխելով, և ընդունելով դիրքերը, կարդում են հետևյալը. «Պարոն սերժանտ, մենք թիվ N մարտական դիրքի մարտիկներս, արժանապատվորեն շարունակելով դիրքի փառավոր ավանդույթները և դրսևորելով բարոյակամայական բարձր հատկանիշներ, հաջողությամբ կատարել ենք առաջադրված մարտական խնդիրը, պահպանել մեր վստահված սահմանի անձեռնամխելիությունը և պատվով հանձնում ենք Ձեզ»:
Գնդապետ Արսեն Աղաբեկյանը N մարտական դիրքում հիշեց մի դեպք. «Երբ պատերազմի տարիներն էին, լինում էին օրեր, երբ ծարավ ու սոված էինք մնում: Օրերից մեկն էր, երբ ջուր չունեինք: Մոնթե Մելքոնյանը խտացրած կաթ էր ուտում, տեսնելով`ասացինք, թե մեզ էլ տուր`սոված ենք: Իսկ նա շատ հանգիստ պատասխան է տալիս. «Որ ուտեք, ջուր եք ուզելու, իսկ ջուր չունենք»: Գնդապետը պատմեց զինվորներին` հասկացնելով, որ սահմանին կանգնող զինվորը պետք է դիմացկուն լինի»:
Հրամանատարների կողմից զինվորները լսում են խրախուսական խոսքեր, հետաքրքվում զինվորի լավ, վատ լինելու մասին, տալիս մի քանի առաջադրանքներ, վերջում հարցնում. «Հասկացա°ք», պատասխանը. «Ճիշտ այդպես»:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031