Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական վիճաբանությունների փուլում Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով հանդես եկած մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդեց Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանին՝ 13 տարվա, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարվա: Մեղադրողը հաստատված համարեց նախաքննությունն իրականացրած մարմնի, ինչպես նաեւ դատարանում գնահատված ապացույցները: Մեղադրողը հաստատված համարեց այն, որ այս տարվա հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը 2 անգամ կրակել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Մեղադրողը հայտնեց, որ Խաչատուր Պողոսյանը դատարանում իր ցուցմունքով հաստատել է այդ կրակոցի մասին, ասելով. «Պարույր Հայրիկյանը ընկավ գետնին, սկսեց գոռալ՝ օգնեցեք, երկրորդ անգամ կրակեցի, որ չգոռա»: Ի դեպ, երկու կրակոցների փաստը հաստատել է նաեւ Պարույր Հայրիկյանը, հայտնելով, որ Խաչատուր Պողոսյանը կրակել է իր կրծքավանդակին, իր ուղղությամբ հսկիչ կրակոց արձակել: Մեղադրողն անդրադարձավ նաեւ դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննության եզրակացություններին, որով հաստատվել էր, որ Հայրիկյանի վրա կրակած «Նագան» տիպի ատրճանակը պիտանի է եղել կրակելու համար:
Ի դեպ, «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 5-ի համարում տպագրվածի մասին ամբաստանյալներն իրենք էին հայտնել նախաքննության մարմնին: Ըստ հայտնածի՝ Սեդրակյանը, իր աշխատասենյակում ցույց տալով նախագահի թեկնածուների նկարները, մատնացույց էր արել Պ. Հայրիկյանի նկարը եւ, ըստ մեղադրողի՝ այսպիսով պատվիրել էր քաղաքական գործչի սպանությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ