Լրահոս
Օրվա լրահոսը

Պռոշյան գյուղում լարված մթնոլորտ է (Տեսանյութ)

Հուլիս 29,2013 14:38

gyuxapeti-texakali-teknacun«Ինձ էլ է հետաքրքիր, որ շուտ բացահայտվի սպանության գործը, Հրաչ Մուրադյանը իմ մարտական ընկերն է»,- այսօր Պռոշյան համայնքի գյուղապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց նորընտիր ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մուրադյանը:

Հիշեցնենք, որ այսօր գյուղապետարանի միանգամից տասներեք աշխատակից աշխատանքից հրաժարվելու իրենց դիմումները ներկայացրին գյուղապետին՝ ի նշան սպանված գյուղապետի սպանության բացահայտման ձգձգման:

Գյուղապետն էլ իր հերթին վստահեցրեց՝ ինքը տեղյակ չէ՝ ինչո՞ւ են աշխատակիցները հրաժարական տալիս. «Թող մնան աշխատեն, իրենց ո՞վ է խանգարում: Իրենց հարցրեք՝ ինչու են նման բան անում, ինձ չեն էլ ասել: Ցանկություն ունեն, թող աշխատեն, չեմ պատրաստվում իրենց հեռացնել աշխատանքից, իսկ եթե իրենց կամքով հեռանում են, բնականաբար, գյուղում շատ կրթված երիտասարդներ կան, կգան, կաշխատեն»:

Պարոն Մուրադյանը բացատրեց նաեւ, թե ինչու է աշխատանքից արդեն երեք հոգու ազատել: Հիշեցնենք, որ գյուղապետն աշխատանքից ազատել է նաեւ գյուղապետի տեղակալ, գյուղապետի թեկնածու Վովա Սահակյանին. «Վովա Սահակյանը իր դիմումի համաձայն է ազատվել: Իրեն հրավիրել ենք գործի, հրաժարվել է գալ գործի: Լուսինե Պետրոսյանը՝ կոմունալ բաժնի պետը, բացակայության համար է ազատվել, երբ ուզում է գնում է աշխատանքից, երբ ուզում է գալիս է: Արդեն չորս-հինգ օր է, չի էլ եկել գործի»:

Պարոն Մուրադյանը նաեւ վստահեցրեց, իր պաշտոնավարման երկրորդ օրը ինքը հրավիրել է աշխատակազմին՝ զրուցելու, անելիքները քննարկելու, բայց ոչ ոք չի ներկայացել. «Չեն էլ պատճառաբանել, ուղղակի չեն ներկայացել»:

Հարցին, թե ում հետ եք պատրաստվում աշխատել, նո՞ր թիմ եք բերելու, նա ներկայացրեց իր աշխատասենյակում նստած երկու կանանց, որոնք հավակնում են իր օգնականների պաշտոնին: Ի դեպ, նրանցից մեկը գյուղապետի նախկին պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանն էր, ով մի քանի օր պաշտոնավարեց ու ինքնակամ հրաժարական տվեց, որովհետեւ, ըստ լուրերի, գյուղում չէին ցանկանում նրան տեսնել ու թույլ չէին տալիս գյուղապետարան մտնել: «Գաբրիելյան Սուսաննա, որը նստած է, բնակիչ է: Աշխատանքի չի գալիս, բայց իրեն աշխատանքի եմ ընդունելու՝ որպես տեղակալ, Վովա Սահակյանի փոխարեն»,- ներկայացրեց գյուղապետը:

Մինչ գյուղապետը պնդում էր, որ աշխատակազմը ինքնակամ է ազատվում աշխատանքից ու ազատման դիմումներ ներկայացնում, դիմումատուները այլ բան էին պնդում:

 

«Անվստահության մթնոլորտ է, մենք աշխատել ենք վստահության մթնոլորտում, վստահել ենք մեր գյուղապետին անվերապահորեն: Միգուցե գործը բացահայտված լիներ, այս ամենը տեղի չունենար»,- ասաց աշխատակազմի ղեկավար Լուսինե Պետոյանը:

Գյուղապետարանի առաջատար մասնագետ Մաթեւոս Մուրադյանն էլ մտավախություն հայտնեց, որ եթե իրենք դիմումներ չներկայացնեին, գյուղապետն էր կամաց-կամաց իրենց «մաքրելու». «Ժամանակի խնդիր էր լինելու, մեկ օր, տասը օր, տասնհին օր թե մեկ ամիս… մենք այդ թիմի հետ չենք կարող աշխատել»:

Մեր հարցին՝ Արթուր Մուրադյանը գյուղացիների ընտրությամբ չի՞ ընտրվել, պարոն Մաթեւոսյանն ասաց. «Ժամանակը ցույց կտա… եթե Գալուստ Սահակյանն ասում է՝ Պռոշյանում, թե ինչ գյուղում էլ ինչքան փող ներդնենք, ընտրությունները կլինեն, դուք մտածեք՝ արդար ընտրություններ էին, թե՞՝ անարդար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031